Երկու զինծառայողների մեղադրանք է առաջադրվել միմյանց առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելու միջոցով պատերազմին մասնակցելուց խուսափելու համար, հաղորդում է Քննչական կոմիտեն։
Ըստ ՔԿ-ի՝ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Ստեփանակերտ-Հադրութ ավտոճանապարհի մոտ պարտադիր ժամկետային Ա․ Ն․-ն իրեն ամրակցված ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել Վ․Կ․-ի ձախ ուսին և պատճառել թեթև վնաս։ Այնուհետև վերջինս ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել Ա․ Ն․-ի աջ սրունքին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս։ Զինվորների առանձին պարտականությունների կատարումն, այսպիսով, ժամանակավորապես դադարեցվել է:
Վ․ Կ․-ին մեղադրանք է առաջադրվել ՔրՕրի 363-րդ (Անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը) հոդվածի 5-րդ մասով, 38-363-րդ հոդվածի 5-րդ մասով և 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով։
Ն․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել 38-363-րդ հոդվածի 5-րդ մասով, 363-րդ հոդվածի 5-րդ մասով և 117-րդ (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հոդվածով:
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։