Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելը կարող է հանգեցնել համաշխարհային պատերազմի․ ԱՄՆ-ն, ըստ նրա, ոչ մի պարագայում այդ քայլին չի դիմի։
Ջո Բայդենը կոչ է արել Ամերիկայի քաղաքացիներին անհապաղ լքել Ուկրաինան և նախազգուշացրել Ռուսաստանի հետ հնարավոր մեծ հակամարտության մասին:
«Ամերիկայի քաղաքացիները պետք է հեռանան, պետք է հեռանան հիմա», – NBC News-ին զրույցում նախօրեին ասել է ԱՄՆ նախագահը։
«Մենք գործ ունենք ոչ թե ահաբեկչական կազմակերպության, այլ աշխարհի ամենամեծ բանակներից մեկի հետ։ Սա բոլորովին այլ իրավիճակ է, և ամեն ինչ կարող է շատ դուրս գալ վերահսկողությունից»,- ասել է Բայդենը։
Վերջինիս կարծիքով՝ եթե անգամ Վլադիմիր Պուտինը «բավականաչափ հիմար գտնվի, որպեսզի ներխուժի (Ուկրաինա), նա բավականաչափ խելոք կլինի, որպեսզի չանի որևէ բան, որ կարող է բացասաբար ազդել Ամերիկայի քաղաքացիների վրա»։
Բայդենն ընդգծել է, որ ոչ մի պարագայում զորք չի ուղարկի Ուկրաինա, նույնիսկ ամերիկացիներին տարհանելու համար։ «Դա կդառնա համաշխարհային պատերազմ: Երբ ամերիկացիներն ու ռուսները սկսեն կրակել միմյանց վրա, մենք կհայտնվենք բոլորովին այլ աշխարհում»։
Արդեն ամիսներ շարունակ Արևմուտքը ահազանգում է, որ Ռուսաստանը ռազմական ագրեսիա է նախապատրաստում Ուկրաինայի դեմ։ Մոսկվան հերքում է՝ զուգահեռաբար առաջ քաշելով իրավիճակի դեէսկալացմանն ուղղված նախապայմաններ․ դրանցից ամենաառանցքայինները (բացառել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք և հետխորհրդային երկրների անդամակցությունը Ալյանսին) մերժվել են, մյուսների շուրջ բանակցություններ են ընթանում։ Ուկրաինայի սահմաններին կուտակված են մեծաթիվ ռուսական զորքեր, տարածաշրջանում զորքեր են կուտակում նաև ՆԱՏՕ անդամ պետությունները։
Նախապատմության մասին ավելի մանրամասն՝ այստեղ