Ժամկետային զինծառայող Սուրեն Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ քննվող գործով ձերբակալվել է նրա ծառայակիցը՝ հաղորդել է Հայաստանի Քննչական կոմիտեն։
Երեկ՝ նոյեմբերի 24-ին, ժամը 14։50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ։ Այս մասին նախօրեին տեղեկացրել էր Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Հետագայում Քննչական կոմիտեն հայտարարել էր, թե զինծառայողը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։
Քրեական գործ է հարուցվել 373-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»։
«Նախնական տվյալներով՝ զինծառայողը գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածքն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: Վերջինս ձերբակալվել է», – պարզաբանել է կոմիտեն։
Նախաքննությունը շարունակվում է։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ այս տարի զինված ուժերում մահվան 60 դեպք է գրանցվել, որից 17-ն՝ հրադադարի ռեժիմի խախտման, 43-ից՝ այլ պատճառներով։ Ոչ մարտական մահերից 17-ը սպանության և ինքնասպանության հետևանք են։ Սուրեն Ավետիսյանի մահն այս վիճակագրության մեջ ներառված չէ։