44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի և Արցախի զինուժերում կատարված հանցագործությունների քննության արդյունքում կա 800-ից ավելի մեղադրյալ, հաղորդում է Գլխավոր դատախազությունը։
Հաղորդման համաձայն, պատերազմի ընթացքում Հայաստանի և Արցախի «պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների փաստերի առթիվ» հարուցվել և քննվում են ավելի քան 2000 քրեական գործ:
Այդ քրեական գործերով, ըստ Դատախազության, քննության առարկա են.
- զորահավաքային զորակոչի, զորահամալրման գործընթացներում թույլ տրված հնարավոր խախտումները, պաշտոնատար անձանց կողմից զորահավաքով զորակոչված զինծառայողների՝ «զորամասից կամ ծառայության վայրից փախուստը, հեռացումը, այլ, առավել ապահով վայրեր տեղափոխումը կազմակերպելու դեպքերը»՝ այդ թվում նաև կաշառքի միջոցով:
- Պատերազմի ընթացքում մարտական գործողությունների համար նախատեսված զենք զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ պայթուցիկ սարքերն Արցախում ապօրինի ձեռք բերելու, ապօրինի Հայաստան փոխադրելու, հափշտակելու կամ շորթելու դեպքերը, ռազմական դրության ժամանակ զինծառայողի կողմից անձնական օգտագործման համար իրեն տրամադրված զգեստը, ռազմական հանդերձանքի առարկաները, ինչպես նաև ծառայողական օգտագործման համար իրեն վստահված զենքը, ռազմամթերքը կամ ռազմական այլ գույքը դրանց պահպանության կանոնների խախտմամբ կորցնելու կամ փչացնելու դեպքերը:
- Պատերազմի ընթացքում «զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների՝ զորահավաքային զորակոչից խուսափելու, հրաման չկատարելու, դասալքության, անդամախեղման եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի, հակառակորդի անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու կամ Հայաստանի անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կանոնները խախտելու դեպքերը»:
- Արցախի հարավային՝ Մեխակավանի, Հորադիզի, Հադրութի ուղղություններով զորքերի և ստորաբաժանումների գործողությունների ղեկավարման, հակառակորդի կողմից հարավային ուղղությամբ դեպի Հայաստանի սահմաններ և Շուշի առաջխաղացման, բնակավայրերի գրավման հանգամանքները: Քննության առարկա են «Լելե-Թեփե» բարձունքի Մեխակավանի, Հադրութի, Մեծ Թաղերի, Թաղավարդի, Սղնախի, Քարին Տակի և Շուշիի ուղղություններով իրականացված ռազմական գործողություններին առնչվող՝ հրապարակայնորեն տարբեր հարթակներով ներկայացված և իրավապահ մարմինների տեսադաշտում հայտնված, ինչպես նաև զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողներից, հարազատներից ստացված՝ հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող բոլոր տվյալները՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական անփութության և հրաման չկատարելու հանգամանքները պարզելու նպատակով:
- Ռազմական գործողությունների ընթացքում հրամանատարի կամ պաշտոնյայի կողմից՝ ծանր կորուստների հանգեցրած՝ իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու, իշխանազանցության կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու, անգործության տարբեր դրվագներ, առանձին զորամիավորումների տեղաշարժերի և գործողությունների, դրանց շրջանակներում հրամանատարների կողմից տրված հրամանների, վարքագծի դրսևորումների իրավաչափության հանգամանքները, ռազմավարական ու մարտավարական մակարդակներում ռազմական գործողությունների ղեկավարման և իրականացման ընթացքում հնարավոր հանցավոր թերացումները, սխալները:
- Անհետ կորած, գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներից, հարազատներից խարդախությամբ գումարներ հափշտակելու, ինչպես նաև պետական դավաճանություն կատարելու առանձին դեպքեր:
- Պատերազմի ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ՝ Հայաստանի ՊՆ փաստաթղթերում առկա կարգավորումներին հնարավոր հակասող՝ զինված ուժերի մարտունակության վրա բացասական հետևանքներ առաջացրած, պատերազմի աղետալի ելքին հանգեցրած հնարավոր արարքների, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եղած կապի արդյունքում միլիարդավոր դոլարների դիմաց Արցախի տարածքների հանձնման շուրջ սակարկությունների վերաբերյալ ստացված տվյալներն ու հաղորդումները:
- Պատերազմի և պաշտպանության կարիքների համար պատերազմից առաջ և դրա ընթացքում կատարված սպառազինության, ռազմական հանդերձանքի և պարագաների, սննդամթերքի ձեռքբերումների նպատակայնության, արդյունավետության, Հայաստանի և Արցախի անվտանգության կարիքներին համապատասխանության, իրավաչափության, դրանց իրականացման ընթացքում պաշտոնյաների կողմից հնարավոր առերևույթ չարաշահումների հանգամանքները:
Միայն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Արցախի հարավային ուղղությամբ և դեպի Շուշի, Շուշիում տեղի ունեցած իրադարձությունների ու գործողությունների վերաբերյալ քննվող քրգործով հարցաքննվել է շուրջ 150 մարդ, այդ թվում՝ Արցախի նախագահը, վերջինիս խորհրդականը, ՊԲ հրամանատարներ, ՊԲ հրամանատարի տեղակալ, ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար և այլոք:
Այս քրգործերի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա որոշումներ են կայացվել ավելի քան 800 հոգու որպես մեղադրյալ ներգրավելու մասին, այդ թվում նաև՝ Հայաստանի զինուժերի բարձրաստիճան սպաներ։
Քննելու համար դատարան է ուղարկվել ընդհանուր 48 քրեական գործ՝ 55 մարդու վերաբերյալ, որոնցից․
25-ը՝ 28 մարդու կողմից զենք, զինամթերք, պայթուցիկ սարքեր, նյութեր ապօրինի ձեռք բերելու, շրջանառելու, իրացնելու վերաբերյալ:
8-ը՝ վերաբերում են 8 մարդու կողմից Ադրբեջանում գտնվող հայաստանցիների և անհետ կորածների հարազատներից հափշտակություններ կատարելու կամ դրա փորձերին:
7-ը՝ 8 հոգու վերաբերյալ, ռազմական դրության ընթացքում զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու համար:
1-ը՝ 3 հոգու վերաբերյալ, «անդամախեղման, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու նախապատրաստության, փաստաթղթերի կեղծումը կազմակերպելու և փաստաթղթերի կեղծման համար»:
1-ը՝ 1 հոգու վերաբերյալ, ռազմական դրության ժամանակ, ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար:
2-ը՝ 2 հոգու վերաբերյալ, «ռազմական դրության ժամանակ դասալքության համար»:
1-ը՝ 1 հուգու վերաբերյալ, ռազմական դրության ժամանակ զինվորական ծառայության «պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար»:
1-ը՝ 1 հոգու վերաբերյալ, ռազմական դրության ժամանակ «անդամախեղման, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու համար»:
1-ը՝ 1 հոգու վերաբերյալ, ռազմական դրության ընթացքում իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության համար:
Դատարան ուղարկված գործերով 8 մարդու վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:
Քրեական գործերի մեծ մասով նախաքննությունը շարունակվում է: