«Պետք ա եղել, էլի, կարո՞ղ ա չեղած տեղից առնում են». կառավարության որոշումը, ըստ որի՝ շուրջ 188 հազար դոլար է հատկացվել Ալեն Սիմոնյանի համար նոր BMW առնելու համար, բարձր տեխնոլոգիաների նախարար Վահագն Խաչատուրյանը մեկնաբանել է մոտավորապես այսպես։
Գործադիրի առավոտյան նիստին որոշում ընդունվեց, որով Ազգային ժողովին թույլատրվում է ձեռք բերել BMW 750Li xDrive LCI տեսակի մարդատար ավտոմեքենա։ Մեքենան գնվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար։
Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է 2021 թվականի պետբյուջեով խորհրդարանին հատկացված միջոցների վերաբաշխման արդյունքում տնտեսված գումարները ուղղել BMW 750Li xDrive LCI ձեռքբերմանը։ Ընդ որում՝ գնումն առաջարկվում է իրականացնել պաշտոնական ներկայացուցչի ավտոսրահից, քանի որ, ինչպես նշվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ, պահանջը տվյալ պահի դրությամբ հրատապ է: Ավտոմեքենան ձեռք բերելու համար տրամադրվելու է 90 միլիոն դրամ՝ շուրջ 188 հազար դոլար։
Ալեն Սիմոնյանի նախորդ ծառայողական մեքենան՝ 2011թ․ արտադրության BMW 750Li-ն հանձնվում է պետգույքի կառավարման կոմիտեին, քանի որ, ըստ նախագծի հիմնավորման, «նշված մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար և նրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլևս արդյունավետ և նպատակահարմար չեն»։
Նախագիծը մշակել է Ազգային ժողովի աշխատակազմը: Նախագիծը ընդունվել է Կառավարության այսօրվա նիստին՝ չզեկուցվող փաթեթում։
Լրագրողների հարցերին պատասխանելով՝ նախարար Վահագն Խաչատուրյանն ավելի ուշ պարզաբանել է՝ Ալեն Սիմոնյանի հին մեքենան 2011թ.-ից է սպասարկում և նորի կարիք կա․ «10 տարվա ընթացքում էդ մեքենան հաստատ մաշած կլինի, և կարիք կար այն փոխելու»։
Հարցին՝ արդյոք հրատապ էր այսքան խնդիրների մեջ նման թանկարժեք մեքենա գնել՝ Խաչատուրյանը պատասխանել է․ «Պետք ա եղել, էլի, կարո՞ղ ա չեղած տեղից առնում են»։
5 տարի առաջ ընդդիմադիր պատգամավոր, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատում էր ծառայողական մեքենաների՝ տարբեր գերատեսչություններում բաշխելու ձևը։ Օրինակ, խոսում էր Հայաստանի՝ զարմանալի պետություն լինելու մասին, քանի որ «Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական մեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն, մինչդեռ իր գործը մեր բոլորի, ժողովրդի համար գործից տուն գնալու պայման ապահովելն է»։ Բացի դա, նախկին պատգամավորը նկատել էր․ «Հայաստանի Հանրապետությունում պետք է 30-35 ծառայողական մեքենա լինի՝ հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաների համար»։