Պաշտպանության նախարարության մատակարարումների ընթացքում տեղի է ունեցել առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն, հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը։
Ըստ հաղորդագրության, արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ.Գ.-ն [Դավիթ Գալստյանը, ով հայտնի է նաև Պատրոն Դավո մականունով – խմբ․], նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ՝ ընկերության անունից ՊՆ-ի հետ կնքել է պայմանագիր, որով ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ:
Այնուհետև, օգտվելով կնքված պայմանագրի ուժով ընձեռնված հնարավորությունից, Ա. Բ.-ն և Դ. Գ.-ն պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 դրամին համարժեք 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով ավելի հին՝ 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են։
Մասնավորապես՝ կրակոցները չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, ձգաբանական բնութագրով չեն համապատասխանել ՊՆ-ի տրամադրության տակ առկա հրանոթների կրակոցի ձգաբանական բնութագրին և Հայաստանի ԶՈԻ-երոյմ գործող լեռնային հրաձգության աղյուսակի պարամետրերին, հետևաբար անհնար է եղել մատակարարված կրակոցները կիրառելու դեպքում լուծել մարտական խնդիրները։
Ա․Բ․-ն և Դ․ Գ․-ն թաքցրել են մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը։
տեսանյութը՝ ԱԱԾ-ի
Մատակարար կազմակերպության խորհրդի նախագահ Դ. Գ.-ն առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու կասկածանքով բերման է ենթարկվել, նույն օրը ներգրավվել է որպես մեղադրյալ։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: