Ինչպես մսխվեց հաղթանակը
Նախօրեին Կարս-Ախալքալաք երկաթուղով Թուրքիայից առաջին բեռնատար գնացքն է մեկնել Ռուսաստան։ 2007-ի փետրվարի 7-ին, երբ ստորագրվեց երկաթգծի կառուցման համաձայնագիրը, ՀՀ արտգործնախարար Վ. Օսկանյանը վստահեցնում էր, թե այն Հայաստանին «որևէ կերպ մեկուսացման չի տանում», ու առաջարկում էր «հանգիստ խղճով հետևել իրադարձությունների զարգացմանը»։
Հայ քաղաքական միտքն ավելի վաղ նման կերպ էր արձագանքել նաև Հայաստանը շրջանցող Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցման հեռանկարին։ Նավթամուղը ոչ միայն Ադրբեջանի համար արդեն ավելի շատ եկամուտ է ապահովել, քան անկախ Հայաստանի բոլոր տարիների բյուջեները միասին վերցրած, այլև էապես մեծացրել է Ադրբեջանի դերն Արևմուտքի համար։ Դրանով տեղափոխվում է նաև ղազախական ու թուրքմենական նավթը, իսկ քաղաքական նշանակությունը մեծացնում է այն, որ նավթամուղը շրջանցում է Ռուսաստանը։
Որոշ այլընտրանք կարող էր դառնալ Իրան-Հայաստան գազատարը։ 1990-ականներին, երբ գործընթացը սաղմնավորման փուլում էր, նախատեսվում էր կառուցել լայն տրամագծով խողովակաշար, որը ոչ միայն հնարավորություն կտար դիվերսիֆիկացնել էներգիայի աղբյուրները, այլև բաց պահել իրանական գազի տարանցիկ երկիր դառնալու հեռանկարը։
Սակայն ԼՂ հակամարտության չկարգավորված վիճակը շարունակ մեծացնում էր կախվածությունը Ռուսաստանից։ «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով (2002թ.) Ռուսաստանին անցան մի շարք խոշոր ձեռնարկություններ, ներառյալ Հրազդանի ՋԷԿ-ը, իսկ 2003-ին ռուսական կառավարմանը հանձնվեց Մեծամորի ատոմակայանը։ Հայաստանում աճող ռուսական ազդեցությունն ի վերջո հանգեցրեց նրան, որ Իրան-Հայաստան գազատարի տրամագիծը փոքրացվեց ավելի քան երկու անգամ. այդ տրամագծով գազատարն արդեն չէր կարող ունենալ այն թողունակությունը, որը հնարավորություն կտար դառնալ գազի տարանցիկ երկիր։ Իսկ կառուցումից հետո գազատարը հանձնվեց Գազպրոմին։ Հայաստանը, այսպիսով, զրկվեց գործոն դառնալու ևս մեկ հնարավորությունից։
Ազդեցության լծակների՝ մեկը մյուսի հետևից կորուստը որևէ կերպ չէր անհանգստացնում Հայաստանի իշխանությանը։ Չէր արվում որևէ հետևություն, չէր վերանայվում ստատուս քվոն պահպանելու քաղաքականությունը։ Հակառակը՝ ահազանգողները հռչակվում էին դավաճան և պարտվողական, ու նոր թափ էր հաղորդվում ոչմիթիզականությանը։
Հայաստանի մեկուսացումն ու Ադրբեջանի դերի բարձրացումն իր արտահայտությունն էր ստանում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում։ Եթե 90-ականներին Հայաստանը, խորհրդարանի հատուկ որոշումից (1992) մինչև ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովում վետոյի կիրառում (1996), հետևողականորեն անընդունելի էր համարում հակամարտության կարգավորումը տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, ապա 2007-ին ստիպված եղավ ընդունել այն (Մադրիդյան սկզբունքներ)։
Սակայն ոչմիթիզականությունը չընկրկեց, հակառակը՝ ավելի ուժգնացավ։ Իշխանությունը, որն արդեն ձեռքից բաց էր թողել Արցախի՝ հակամարտության կողմի կարգավիճակը, սկսեց տարփողել, թե «Մադրիդյան սկզբունքներում» նշված է նաև ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։ Խաբեությունն այն էր, որ ինքնորոշման իրավունքն առաձգական է (կան ինքնորոշման տարբեր մակարդակներ), իսկ տարածքային ամբողջականությունը՝ ոչ։ Այս երկու սկզբունքները միաժամանակ հնարավոր են միայն «ինքնորոշում՝ տարածքային ամբողջականության պահպանման սահմաններում» բանաձևով։
Ուժգին հարվածից ուշքի գալու համար Ադրբեջանին ժամանակ էր պետք։ Իսկ Հայաստանում, «հաղթողականության» անվան տակ, այդ պատուհանն օգտագործվում էր որպես երկրի հարստության անխնա թալանի հնարավորություն։ Պատերազմից հետո հայկական ուժերի վերահսկողության տակ անցած տարածքները մեջ-մեջ էին արվել, դրանց տված եկամուտը հոսում էր ոչ պատահական մարդկանց գրպանները։ Գետերի վրա ՀԷԿ-եր էին սարքվել, դաշտերում ձրի աշխատեցնում էին զինվորներին և այլն։ Ի վերջո, այդ թիզերը կոնկրետ եկամուտ էին բերում որոշ շրջանակների։ Ինչ փույթ, թե ինչ աղետի էր գնում երկիրը։ «Ոչ մի թիզը» հողի մասին չէր, այլ՝ փողի։ Իսկ փողը, ինչպես տեսնում ենք, լիուլի բավարար է հեռուստաընկերություններ, «լրատվական կայքեր», թերթեր ու բազմաթիվ փաստաբաններ պահելու համար։
Բայց եթե 2018-ին նախորդած 20-ամյակի իշխանությունը կոնկրետ շահ ուներ խնդրի չկարգավորումից, ապա 2018-ից հետո եկած իշխանությունը, ըստ ամենայնի, կտրվել էր իրականությունից (ամեն ինչ «աննախադեպ» է): Ռազմական տպավորիչ հաղթանակից հետո բացված հնարավորության պատուհանից չօգտվելն ու ի վերջո կորցնելով ավելին, քան անգամ մեզանից ուզում էին, ցցուն օրինակ է այն բանի, թե ինչի կարող է բերել քաղաքականության մեջ համակարգված սուտը։ Ռազմական հաջողությունները քաղաքական մտածողության ու հաշվարկի արդյունք էին, պարտությունը՝ դրանք քաղաքական ֆաստ ֆուդով փոխարինելու։ Եթե հիմա էլ հետևություններ չարվեն, մենք շարունակելու ենք կորցնել:
Ռաֆայել Թեյմուրազյան
աղբյուրը՝ ֆեյսբուք