Home / Բանակ / ՊՆ Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդականը մեղադրվում է խոշոր չափերով յուրացման մեջ

ՊՆ Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդականը մեղադրվում է խոշոր չափերով յուրացման մեջ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին [հայտնի է Պատրոն Դավո մականունով] մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով յուրացման համար. նա անցնում է չորս քրեական գործերով:

«Սիվիլնեթ»-ի հարցմանն ի պատասխան Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ «պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք աևտրային ընկերությունների, այդ թվում Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ծառայողների հետ նախնական համաձայնության գալով ՀՀ պետական բյուջեից ապրանքներ ձեռք բերելու համար իրեն տրամադրված, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործով որոշում է կայացվել Դավիթ Գալստյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին»։

Ընդհանուր առմամբ Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում քննվող չորս քրեական գործերով, որոնք վերաբերում են նրան պատկանող ընկերությունների կողմից մատակարարումներին։

«Ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները և դիրքը չարաշահելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ», – գրել է ԱԱԾ-ն։

Դավիթ Գալստյանին են պատկանում մի շարք օֆշորային, նաև՝ Հայաստանում գրանցված ընկերություններ, որոնք զբաղվում են զենքի առևտրով ու բանակի հիմնական մատակարարներից են։