Սյունիքի մարզում երկու փրկարար է վիրավորվել ականի պայթյունից։ Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հաղորդագրությունում մասնավորապես նշված է, որ հունվարի 19-ին ժամը 12:20-ի սահմաններում Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղի հարակից տարածքում պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս ականի պայթյունի հետևանքով վիրավորում են ստացել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կապիտան Արտյոմ Իգնատի Շահնազարյանը և ավագ հրշեջ փ/ծ ենթասպա Արամ Սերգեյի Նավասարդյանը:
Տուժածներն առաջին բուժօգնությունը ստացել են Մեղրու բժշկական կենտրոնում և այժմ տեղափոխվում են Կապանի հիվանդանոց: