Home / Հայաստան / Մեկնարկում են արցախցիներին աշխատանքի տեղավորելու ծրագրերը

Մեկնարկում են արցախցիներին աշխատանքի տեղավորելու ծրագրերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երկու ծրագիր է իրականացնում, որոնք ապահովելու են արցախցիների ժամանակավոր զբաղվածությունը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այս պահին ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել Արցախի այն քաղաքացիները, որոնց տները պատերազմի հետևանքով մնացել են հայկական կողմի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում։

Հաջորդ շաբաթվանից ցուցակը կընդլայնվի և ծրագրին մասնակցելու համար կկարողանան դիմել նաև Արցախի այն քաղաքացիները, որոնց տները վնասվել են և ովքեր ներկայումս գտնվում են ՀՀ տարածքում։ Այս մասին հունվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։

«Ծրագրերից մեկը պրակտիկայի ծրագիրն է՝ մասնագիտական փորձ ձեռքբերելու ծրագիրը, մյուսը՝ վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագիրն է»։ Մասնակցելու համար պետք է դիմել Տարածքային զբաղվածության գործակալություն կամ օգտվել էլեկտրոնային փոստից կամ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակից՝ e-request.am և employment.am կայքից։

«Լրացնելուց ընդամենը նշում են անուն/ազգանունը, կոնտակտային տվյալները և նշում՝ ո՞ր ծրագրին են ցանկանում մասնակցել։ Ծրագիրն ընտրելուց իրենք տեսնում են՝ ամեն ծրագիրն ի՞նչ բովանդակություն ունի, հակիրճ ներկայացվում է», – պատմել է նախարարի տեղակալը։

Մասնագիտական փորձ ձեռքբերելուն ուղղված ծրագիրը տևում է երեք ամիս․ դիմողը կարող է երեք ամսվա աշխատանքային փորձ ձեռքբերելու պայմանագիր կնքել յուրաքանչյուր գործատուի հետ, ինչի փոխարեն շահառուն ստանալու է 100 հազար դրամ եկամուտ, իսկ գործատուն՝ 100 հազարին համապատասխան հարկերի ու տուրքերի բոլոր փոխհատուցումները, ինչպես նաև պրակտիկա վարողի համար նախատեսված գումար՝ 34 հազար դրամ, որի մեջ ներառված են բոլոր հարկերը։

Պատասխանելով նախընտրելի մասնագիտությունների մասին հարցին, Սարգսյանը նշեց․ «Ի տարբերություն ՀՀ քաղաքացիների համար նախատեսված ծրագրի, այս պարագայում բոլորը դիմելու հնարավորություն ունեն, սահմանափակում չունենք»։ Նա նաև մանրամասնեց, որ հիմնականում պահանջարկը սպասարկման և արդյունաբերա-արտադրական ոլորտից է գալիս։

Նախնական հաշվարկներով նախարարությունը 2000 դիմումատուի արձագանք է կանխատեսում, սակայն, ըստ նախարարի տեղակալի, անհրաժեշտության դեպքում, իրենք կարող են թվով ավելի շատ դիմողների ժամանակավոր զբաղվածությունն ապահովել։

Հաստատելուց առաջ ծրագրերը քննարկվել են գործատուների հետ, որպեսզի վերջիններիս համար ևս շահավետ լինի արցախցիներին ներգրավելը։

Այսպես, Ռուբեն Սարգսյանը ևս մեկ անգամ դիմեց այն գործատուներին, որոնք կցանկանան արցախցիներին ժամանակավորապես աշխատանքի ընդունել․ գործատուները կարող են դիմել Զբաղվածության տարածքային կենտրոն կամ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։