Պետական վերահսկողական ծառայության այս տարվա փետրվար-հունիս ամիսներին ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2016-2018 թվականներին Դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանով մի քանի աշխատակիցներ իբր գործուղվել են տարբեր մարզեր, բայց գիշերակացը հավաստող փաստաթղթերում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։ «Ազատությանն» այս մասին հաղորդել է ՊՎԾ ղեկավարի տեղակալ Արա Եղոյանը։
«Այդ ՀԴՄ կտրոնների վրա նշագրված էր արդեն իսկ արտոնագրային հարկ վճարող որպես տնտեսավարող սուբյեկտ: Ինչպես գիտենք, այդ թվականների օրենսդրությամբ՝ նշված հյուրանոցային ծառայություններ մատուցողները չէին կարող հարկվել արտոնագրային դաշտում, իրենք պետք է լինեին ընդհանուր հարկման դաշտում», – ասել է Եղոյանը:
Արտոնագրային հարկման դաշտում կարող են լինել հանրային սննդի ծառայություն մատուցողները։ Ստացվում է, որ հյուրանոցային ծառայությունների ծախսերի փոխհատուցման համար ներկայացրել են այնպիսի տնտեսվարողների կողմից տրամադրված փաստաթղթեր, որոնք, ըստ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների, չեն մատուցել համապատասխան ծառայություններ կամ չեն ունեցել համապատասխան քանակության հյուրանոցային համարներ: Բացի այդ, համաձայն ներկայացված ՀԴՄ կտրոնների, բոլորը գիշերել են հյուրանոցի առավելագույն արժեք ունեցող համարներում, այն պարագայում, երբ այդ մարդիկ գործուղման մեջ չեն էլ եղել։
«Երբ ուսումնասիրող խմբի ղեկավարի կողմից կայացվեց որոշում, որ մուտք ու ելքը ֆիքսող սարքերով կարող ենք ավելի կոնկրետ տեղեկություն ստանալ, պահանջվեց Դատական դեպարտամենտի կողմից մուտք ու ելքը ֆիքսող սարքը, իրենց հիմնական աշխատանքի վայրից՝ Դատական դեպարտամենտի, և տրամադրվելուց հետո այդ տեղեկությունները վերլուծվեց, ուսումնասիրվեց, պարզվեց, որ այդ անձինք փաստացի գտնվել են իրենց հիմնական աշխատանքի վայրում, բայց միևնույն ժամանակ գտնվել են իբր գործուղման մեջ», – նշել է ՊՎԾ ղեկավարի տեղակալը:
Խոսքը Դատական դեպարտամենտի 9 աշխատակիցների մասին է, որոնցից ոմանք արդեն դատավորներ են դարձել։ Կոնկրետ անուններ դեռևս չեն ներկայացվում։ Մի քանիսի դեպքում գործուղման մեջ գտնվելու օրերի ընդհանուր քանակը նույնիսկ գերազանցել է 200 օրը։
Հաղորդան համաձայն՝ գործուղման ծախսերի անվան տակ գրանցված գումարը կազմում է մոտ 42 միլիոն դրամ։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան հաղորդմամբ՝ այս բացահայտումների հիման վրա քրեական գործ է հարուցվել։
«Քանի որ նոր է սկսվել նախաքննությունը, դեռևս հնարավոր չէ որևէ արդյունքի մասին առայժմ խոսել: Կատարվում են անհրաժեշտ քննչական, դատավարական, անհրաժեշտաբար նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում, ելնելով այն հանգամանքից, որ այս կամ այն չափով այլևս տեղեկատվության հրապարակումը չի խոչընդոտի քննությանը, համապատասխան տեղեկատվություն հընթացս կտրամադրվի», -նշե; է Աբրահամյանը:
Ուսումնասիրության արդյունքում նաև այլ խախտումներ են հայտնաբերվել՝ կապված գնման գործընթացների հետ, սակայն մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: Քրգործը հարուցվել է մի քանի հոդվածներով՝ պաշտոնական փաստաթղթեր կեղծելու, Դատական դեպարտամենտի աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, կեղծ փաստաթղթեր օգտագործելով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու, դեպարտամենտի իրավասու պաշտոնյաների կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետության շահերին անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս պատճառելու, պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առիթով։
Դատական դեպարտամենտը 2014 թվականից ղեկավարում է Կարեն Փոլադյանը։ «Ազատության»` Փոլադյանին ուղղված գրավոր հարցմանը պատասխանել են, որ ՊՎԾ ուսումնասիրությունների արդյունքները հունիսի 21-ին ներկայացվել են Բարձրագույն դատական խորհրդին: Տեղեկանքի վերաբերյալ կարծիքի կազմումը գտնվում է մշակման փուլում և ավարտելուն պես կներկայացվի ծառայությանը: