Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 24-ին հեռախոսազրույցներ է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Տաջիկստանիև Ռուսաստանի, նաև Իրանի և Իսրայելի գործընկերների հետ։
Տաջիկստան
Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ Սիրոջիդին Մուխրիդդինին Միրզոյանը ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
Զրուցակիցները քննարկել են նաև հայ-տաջիկական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև ՀԱՊԿ շրջանակներում երկու երկրների համագործակցության վերաբերյալ:
Իրան
Նույն օրը Միրզոյանը հեռախոսով Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Հայաստանյան նախարարը մանրամասն ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ վերջերս իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նա հավելել է, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հերթական ագրեսիան լուրջ սպառնալիք է տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման ջանքերին։
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։
Երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև Հայաստանի և Իրանի բազմոլորտ համագործակցության մի շարք հարցերի՝ պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ: Կարևորվել է բարձր մակարդակում փոխայցելությունների իրականացումը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում կապերի ընդլայնման շուրջ։
Կարևորվել է նաև «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ համաձայնագրի ուղղությամբ նպատակաուղղված աշխատանքների իրականացումը։
Ռուսաստան
Օրվա ավարտին ՀՀ ԱԳՆ-ն պռես-ռելիզ տարածեծ ռուսաստանյան դիվանագիտության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի մասին․
– քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր,
– կարևորվել է խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։
Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների դերը` տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերի համատեքստում:
Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։
Իսրայել
Արարատ Միրզոյանը նույն օրը հեռախոսազրույց է ունեցել նաև Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
Զրուցակիցները քննարկել են հայ-իսրայելական առկա հարաբերությունները և հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև Սուրբ Հողում հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությանն առնչվող հարցերին։