Վկա Նարեկ Մալյանը դահլիճում չէր։ Նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի նախկին խորհրդականի մատնության հիման վրա ԱԱԾ-ն գործ է հարուցել «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» ղեկավար Սաշիկ Սուլթանյանի դեմ, իսկ դատախազությունը այն հասցրել է դատարան։ Ըստ մեղադրողների՝ իրավապաշտպանը «հայ ու եզդի ժողովուրդների միջև ազգային թշնամանք» է հարուցել, քանի որ Իրաքի եզդիների պարբերականին տված հարցազրույցում հիշատակել է իր երկրում՝ Հայաստանում, առկա խտրականության դրսևորումները։
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, եզդիական համայնքի ներկայացուցիչների, իրավապաշտպանների և արևմտյան դիվանագետների ներկայությամբ, տեղի ունեցավ գործով առաջին դատական նիստը։ Այստեղ էր նաև 2019-ի դեկտեմբերի 2-ին սպանված 21-ամյա զինծառայող Արթուր Աջամյանի պապը՝ Խաթիվ Աջամյանը։
Սաշիկ Սուլանթյանի պաշտպանները միջնորդեցին, որ փոխվի նրա խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ Փաստաբանները բացատրեցին, որ Սուլթանյանը ներկայացել է բոլոր հարցաքննություններին և որևէ գործողություն չի ձեռնարկել, որը թույլ կտա նույնիսկ կասկած ունենալ, որ ինքը կարող է չներկայանալ վարույթ իրականացնող մարմնի կանչով կամ խուսափել քրեական պատասխանատվությունից։
Նշվեց նաև, որ իրավապաշտպանը կես տարուց ավել չի կարողանում մասնակցել արտասահմանում կազմակերպվող մասնագիտական միջոցառումներին։ Դատարանը մերժեց միջնորդությունը, սակայն ասվեց, որ ամբաստանյալը կարող է դիմել և երկիրը լքելու թույլտվություն ստանալ կոնկրետ միջոցառման համար։ Սուլթանյանը հիշեց, որ դեկտեմբերին ՄԱԿ-ի հրավերով պետք է մասնակցի «ազգային փոքրամասնությունների դերը կոնֆլիկտների կանխարգելման գործում» խորագրով համաժողովին, որտեղ նա «հակառակորդ երկրի մասին է ելույթ ունենալու» և պատրաստվում է «թշնամու կողմից սանձազերծված պատերազմի մասին ճիշտը ներկայացնել»։
Հայրենասիրական գիծը, որը նկատվում էր համայնքի՝ նիստին նախորդող ելույթներում, շեշտվում էր նաև փաստաբանների կողմից։ Օրինակ․ «ազգային փոքրամասնության ներկայացուցիչ հանդիսանալով՝ նպաստում էր հայ-եզդիական եղբայրությանը»։
Ապացուցելով, որ պաշտպանյալը չի փախչի, փաստաբանները նշեցին նաև, որ նա մի քանի օրից երեխա է ունենալու, իր ողջ կյանքը և կարիերան կապված է Հայաստանի հետ։ Խափանման միջոցի անհամաչափությունը ապացուցում է նաև այն փաստը, որ մեղադրյալը ազատության մեջ է․ եթե ուզի, կարա հիմա էլ հանդիպի վկաներին, ճնշում գործադրի, եթե նման մտադրություն ունի։
Ընդմիջմանը ծխարանում քննարկում էինք «եղբայրության» և «բարեկամության» մասին չդադարող դատարկ ճառերի ավանդույթի կայունությունը և իրաքյան մամուլի՝ հայաստանցիներին միմյանց դեմ հանելու թերագնահատված կարողությունը։
մեղադրանք․ եթե եզդի ես, պիտի չդժգոհես
Դատախազը մեղադրյալին առաջին անգամ հիշատակելուց շփոթեց անուն-ազգանունը և Սաշիկին «Սուլթան» անվանեց։ Քրոջս հայոց լեզվի դասատուն Իգոր անունով աշակերտին անընդհատ «Օլեգ» էր ասում։ Երբ ուղղում էին, հակադարձում էր․ «Ի՞նչ տարբերություն՝ ռուսի անուն ա»։
Ըստ մեղադրականի՝ իրավապաշտպանը հարցազրույցում «իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել այն մասին, որ ՀՀ տարածքում եզդիների իրավունքներն իբր պաշտպանված չեն, հայերի կողմից եզդիները դիտարկվում են որպես հետամնաց ազգ։ Հայերը ծաղրում են եզդիներին և խտրական վերաբերմունք են դրսևորում նրանց նկատմամբ։ Եզդիները Հայաստանում հնարավորություն չունեն սովորելու իրենց մայրենի լեզուն, ինչի պատճառով եզդիերենը մոռացվում է։ Հայերը եզդիներին իրենց մշակույթը զարգացնելու հնարավորություն չեն տալիս»։
Սաշիկ Սուլթանյանը հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, որ իրեն հասկանալի չէ, թե ինչում է մեղադրվում․ մեղադրանքում իրեն վերագրվող հայտարարությունները ներկայացված են ոչ ճշգրիտ, պատշաճ թարգմանություն չի իրականացվել։ Իրավապաշտպանը ընդգծեց՝ իր արած արտահայտությունները չեն եղել հրապարակային, դա եղել է ուղղակի զրույց, հրապարակումից անմիջապես հետո ինքը պահանջել է հեռացնել նյութը կայքէջից, ինչը արվել է։
Սուլթանյանը պնդում է, որ իր խոսքը ուղղված չէր հայ ժողովրդին՝ Հայաստանի կառավարությանն է քննադատել, թարգմանության մեջ իմաստային շեղումներ են եղել։ Հարցազրույցը հեռացվել է հենց հրապարկման օրը՝ Սուլթանյանի պահանջով։ Իրավապաշպանն ասում է՝ մասնավոր զրույց է եղել Իրաքում տեղակայված եզդիական լրատվամիջոցի լրագրողի հետ։ Չի իմացել, թե այն հրապարակվելու է. «Նախաքննական մարմնի կողմից ինձ հարց է ուղղվել՝ ինչո՞ւ եք նշել, որ, օրինակ, ինչ-որ հայեր խլում են եզդիների հողերը։ Ես նշել եմ այդպես՝ անձանց գաղտնիությունը ապահովելու համար։ Մնացած առումով խոսակցության մեջ չկա հայերի դեմ ուղղված մեղադրանքը, այսինքն՝ էթնիկական առումով որևէ թիրախավորում չուներ։ Եվ ես օբյեկտիվ կասկածներ ունեմ, որ հոդվածի թերի լինելու պատճառով նախաքննական մարմինների մոտ խնդիրներ են առաջանալու էսպիսի կարևորության գործերի պարագայում»։
Պաշտպանական կողմը նաև ցանկանում է Սահմանադրական դատարանում վիճարկել քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով մեղադրվում է Սուլթանյանը։
Պաշտպան Արա Ղազարյանի խոսքով՝ հակասություն կա ազգային թշնամանք հարուցելու հոդվածի ու Սահմանադրությունում ամրագրված կարծիքի ազատության միջև. «Մինչ այժմ 226 հոդվածի վերաբերյալ բազմաթիվ հետազոտություններ են կատարվել առ այն, որ այդ հոդվածը, որը ընդունվել է 2003 թվականին, հնացած է, կրկին չի համապատասխանում ժամանակակից սկզբունքներին։ Որպես ապացույց՝ այս հոդվածով քրեական գործեր հարուցվել են վերջին տասնութ տարվա մեջ շատ քիչ, որովհետև դա չի ապահովում իրավական որոշակիություն, թե որն է արտահայտվելու ազատությունը, որն է ատելության խոսքը»։
Դատարանը որոշեց Սահմանադրական դատարանում 226-րդ հոդվածը վիճարկելու վերաբեյալ միջնորդությունը քննել գործի ապացույցները հետազոտելուց հետո։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 26-ին՝ ժամը 15։30-ին։