Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը ապրիլի 1-ի նիստին հրավիրել էր «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ վերջինների՝ ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանի դիմումի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար, գրում է «Փաստինֆո» գործակալությունը:
Ինչպես դռնփակ նիստից հետո հայտնել են «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ-ի փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը և «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի ղեկավար Բորիս Մուրազին, իրենց դիրքորոշումն անփոփոխ է. պատգամավորի կողմից եղել է անթույլատրելի պահվածք, արտահայտություն, որին իրենք հենց նույն օրը գնահատական տվել են:
«Պահանջն այն է, որպեսզի պետությունը որոշակի գնահատական տա: Չգիտեմ` միգուցե դա կլինի ներողության տեսքով: Մենք արդեն որոշակի բարոյական նորմերի սահմաններում պարոն Բադեյանի արարքը գնահատել ենք»,- ընդգծել է Սուլթանյանը:
Էթիկայի հանձնաժողով բերված դիմումը վերաբերում է դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովում Բադեյանի թույլ տված արտահայտությանը: Լրագրողի հարցին՝ արդյո՞ք նորմալ է, որ հայաստանյան հեռուստաընկերությամբ «Ինչ, որտեղ, երբ» հաղորդումը ռուսերեն լեզվով է հեռարձակվում, Բադեյանը պատասխանել էր․ «Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում: Եթե փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, չէի զարմանա, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում»:
Բադեյանի խոսքերից վիրավորված՝ «Սինջար» եզդիների միավորման անդամները Ազգային ժողովի մոտ ակցիա էին անցկացրել՝ պատգամավորին զուգարանի թուղթ ու ավանակի պատկերով նկար ուղարկելով:
Լուսանկարը՝ News.am