Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի գյուղապետ Անդրանիկ Պետրոսյանը խոստացել է վերականգնել եզդիական գերեզմանատունը եղանակների տաքանալուց հետո։
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Սինջար եզդիների ազգային միավորում» կազմակերպության ներկայացուցիչ Բորիս Թամոյանը: Նրա խոսքով՝ գյուղացիները, ինչպես նաև ողջ եզդիական համայնքը հետևողական են լինելու, որպեսզի գերազմանատունը վերականգնվի:
Օրեր առաջ կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են գյուղ, զրուցել գյուղացիների և գերազմանատանը վնաս հասցրած գործարարի՝ Սերյոժա Գրիգորյանի որդու հետ, տեսել` ինչ վիճակում են գերեզմանները:
Ըստ Բորիս Թամոյանի՝ գործարարի կողմը հերքում է, որ գերեզմանատունը քանդել են։ Գրիգորյանի որդու խոսքով՝ խաղողի այգին վերանորոգելուց գերեզմանի մի քանի քար է ջարդվել՝ ոչ դիտավորությամբ: Գրիգորյանները հերքել են նաև այն, որ իրենք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանի բերակամներն են։
Ավելի վաղ բարեկամական կապի մասին բարձրաձայնել էին գյուղացիները: Հրանտ Գրիգորյանը պատգամավոր է ընտրվել մեծամասնական ընտրակարգով Արմավիրից՝ թիվ 20 ընտրատարածքից։
22 գերեզմաններ քանդվել են վեց ամիս առաջ։ «Սինջար»-ը տեղի ունեցածի մասին բարձրաձայնել է այս տարվա սկզբին։