Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանն այլևս դատավոր չէ․ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) քիչ առաջ դադարեցրել է նրա լիազորությունները։
2020 թվայանի մայիսի 4-ին դատավոր Խանդանյանը (Արամ Բաբայանից և Մխիթար Սարգսյանից) մոտ 2․5 միլիոն դոլարի բաժնետոմսեր էր գնել և դարձել «Մուշ» ՍՊԻ-ի համասեփականատեր։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրել էր առուվաճառքի պայամանագիրը և եզրակացրել՝ դատավորն իր պաշտոնի հետ անհամատեղելի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել, խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքով (31-րդ հոդված) և «Դատական օրենսգրքով» (5-րդ հոդված) սահմանված անհամատեղելիության պահանջները :
Խանդանյանը՝ անձամբ և ի դեմս պաշտպանների, մեղադրանքները չէր ընդունում։
ԲԴԽ սեպտեմբերի 30-ի նիստին, օրինակ, արդեն նախկին դատավորը հայտարարում էր՝ բաժնետոմսերը ոչ թե որպես բիզնես, այլ որպես անշարժ գույք է դիտարկել։
Նրա պաշտպաններից Արթուր Ղամբարյանը հարցնում էր՝ եթե դատավորը (ոչ թե գներ, այլ) ժառանգություն ստանար դրանք, ի՞նչ էր լինելու, «պարտավորեցվելու էր օտարե՞լ բաժնեմասերը»։
Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն էլ առաջարկում էր «մասնագիտական մանիպուլիացիաների չտրվել»․ «Ձեզ հարց տվեք՝ արդյոք դատավորը, որը ձեռք է բերում 2,5 մլն դոլար արժողությամբ բիզնես ու պաշտոնավարման ժամանակ ունենում է դրա կառավարման հնարավորություն, ձեզ համար ընդունելի՞ է»:
Վերջինիս հարցին՝ թույլատրելի՞ է համարում, որ Վերաքննիչի դատավորը ի պաշտոնե բիզնեսներ ձեռք բերի, դատավոր Խանդանյանը շատ անկեղծ պատասխան էր տալիս՝ այո, թույլատրելի է համարում։ Պատճառաբանում էր նրանով, որ «դատավորն իրավունք ունի ունենալ սեփական գույք», բողոքում էր, որ եթե բաժնետոմսերը 2 միլիոն դոլարի չլինեին, այլ 200 հազարի լինել, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը միևնույնն է այս բողոքը կներկայացնել․․․
Գագիկ Խանդանյանի՝ իբրև Վերաքննիչ դատարանի դատավոր, լիազորությունների դադարեցման մասին ԲԴԽ որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։