Պաշտպանության նախարարության պաշտոնյաները ապօրինի կերպով վաճառել են նախկին զորամասի տարածքը, հաղորդում է Ոստիկանությունը։
Ըստ հաղորդագրության՝ 2008 թվականի մարտին ՊՆ պաշտոնատար անձինք 58 միլիոն դրամով վաճառել են ՊՆ հաշվեկշռում գտնվող Ստեփանավանի Սուրբ Նշան փողոցում տեղակայված նախկին զորամասի «հատուկ նշանակության» տարածքը, որի շուկայական արժեքը շուրջ 180 միլիոն դրամ էր, իսկ մակերեսը՝ 6 հեկտարից ավելի։ Տարածքն ընդգրկված էր Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով քաղաքացիներին և իրավաբանական անձանց չփոխանցվող հողերի ցանկում։
Վաճառքից հետո անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասու պաշտոնյաները հողամասի առուվաճառքի պայմանագրի հիման վրա 2008 թվականի ապրիլին հատկացրել են հողամասի սեփականության իրավունքի վկայականը և առանց համապատասխան հիմնավորումների հողամասի «հատուկ նշանակության» նպատակային նշանակությունը փոխել են «բնակավայրերի», ինչի հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 122 միլիոն դրամի վնաս։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։