Երևանի մի քանի բուժհաստատությունների աշխատակիցները երկրից բացակայող մի շարք մարդկանց իբր բժշկական զննության ենթարկելու և պատվաստելու մասին կեղծ գրառումներ են կատարել բժշկական քարտերում և նրանց պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ են մուտքագրել «ARMED» համակարգ:
Ըստ ԱԱԾ-ի՝ այս գրառումների հիման վրա այդ մարդկանց տվյալներով և լուսանկարով կազմվել են պատվաստման վերաբերյալ սերտիֆիկատներ:
6 բուժհաստատություններում չարաշահումների մասով հարուցվել է 6 քրեական գործ, ձերբակալվել՝ 3 բուժաշխատողներ, որոնցից մեկին մեղադրանք է առաջադրվել:
Այսօր ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում բուժքույրերից մեկը գյուղի բնակիչներից մի քանիսին տվել է COVID-19 համավարակի դեմ պատվաստվելու կեղծ հավաստագրեր, այն պարագայում, երբ այդ անձինք չեն պատվաստվել։ Բուժքույրը բերման է ենթարկվել ոստիկանություն և խոստովանական բացատրություն տվել։
Հոկտեմբերի 10-ի դրությամբ, ԱՆ տվյալներով, 514 241 պատվաստում է իրականացվել, առաջին դեղաչափ ստացել է 344 029 մարդ, երկրորդ դեղաչափը` 170 212 մարդ։ Վերջին մեկ օրում Հայաստանում մահացել է քովիդով վարակված 44 մարդ, որոնցից 43-ը՝ հենց կորոնավիրուսից, մեկը՝ «այլ պատճառով»։