Կորոնավիրուսի «Դելտա» շտամը Հայաստանում «միանշանակ» շրջանառվում է, հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։
«Այս պահին սեկվենավորած օրինակ, նմուշ չունենք դեռ, բայց միանշանակ Հայաստանում էլ շրջանառվում է։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք ունենք բաց սահմաններ՝ օդային և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի հետ, որտեղ և հայտնաբերված են, և եվրոպական շատ երկրներում էլ այդ շտամը մեծամսնություն է կազմում», – ասել է Ավանեսյանը։
Ռուաստանում վերջին օրերին գրանցվում է քովիդով վարակման թվերի սրընթաց աճ: Վերջթին տվյալներով՝ ավելի քան 488 000 մարդ բուժվում է կորոնավիրուսից, իսկ մահերի թիվն անցել է 154 000-ը։ Հաղորդվում է հատկապես «Դելտամ» շտամի տարածվածության մասին։
Նախարարը հավելել է, որ աշնան առաջին կեսին հնարավոր է՝ համավարակի նոր ալիք սկսվի։ Արդեն իսկ, ըստ Ավանեսյանի, կա վարակման թվերի որոշակի աստիճանական աճ։ Այդ իսկ պատճառով նախարարությունը պլանավորում է նոր մեթոդներով խթանել պատվաստումները։
«Նոր գործիքակազմ ենք մտածել, ուշադրությունն ավելի մշակույթին ենք ուղղել, և շուտով վիճակահանությամբ պատվաստվողները կունենան թատրոնների, օպերայի, մշակութային միջոցառումների մասնակցության տոմսեր, որովհետև կարծում ենք, որ հանրային տեղեկատվությունը բարձրացնելու համար պետք է խրախուսական այսպիսի միջոցառումներ տեղի ունենան», – ասել է պաշտոնյան։
Ավանեսյանը կարծում է, որ երկրում «ճնշող մեծամասնությունը համարում է, որ պետք է պատվաստվել» և որ «այլևս հարց չունենք՝ պատվաստվել, թե ոչ»։
Ըստ նախարարի՝ պատվաստման ցածր ցուցանիշը կապված կարող է լինել հանրային տեղեկատվության պակասի, տարածվող ապատեղեկատվության, ինչպես նաև Հայաստանում վարակելիության՝ տվյալ պահին ցածր ցուցանիշի հետ, ինչի պատճառով մարդիկ որոշում են հետաձգել պատվաստումը։
Պաշտոնյան նշել է նաև, որ Հայաստանում առկա է պատվաստումների թվի «կտրուկ աճ», և որ երեկ երկրում կատարված պատվաստումների թիվն անցել է 150 000-ը։ Նախարարը, սակայն, ասել է, որ չի կարող մանրամասնել, թե պատվաստվածների քանի տոկոսն է հայաստանցի, իսկ քանի տոկոսը՝ արտասահմանցի։ Ավանեսյանն այնուամենայնիվ նշել է, որ այդ հաշվարկն այժմ ընթանում է և արդյունքները պարբերական թարմացումներով կհանրայնացվեն։
Ըստ Առողջապահության նախարարության կողմից այսօր հրապարակված տվյալների՝ հուլիսի 25-ի դրությամբ երկրում կատարվել է 152 529 պատվաստում, որոնցից 108 674-ը՝ առաջին դեղաչափով, 43855-ը՝ երկրորդ։
Էկոնոմիկայի նախարարությունն, ըստ Ավանեսյանի, զբաղվում է ռուսական Sputnik պատվաստանյութի արտադրական գործընթացներով։ Քննարկումներ և հանդիպումներ են տեղի ունենում նաև Moderna պատվաստանյութի ձեռքբերման հետ կապված։
Ավելի վաղ Ավանեսյանը հայտնել էր, որ աշնանն արդեն Հայաստանում հասանելի կլինեն հոլանդական-ամերիկյան Johnson&Johnson և ամերիկյան Novavax պատվաստանյութերը։
Հայաստանում հուլիսի 25-ին, ըստ ԱՆ-ի, կատարվել է 5049 գրանցվել է 112 նոր դեպք, 106 հոգի առողջացել է, 3 մարդ՝ մահացել։ Քովիդից այս պահին փաստացի բուժվում է 4037 մարդ։ Երկրում գրանցված վարակման դեպքերի ընդհանուր թիվը 228 910 է, որոնցից 219 168֊ն առողջացել են։ Քովիդից, ըստ նախարարության, մինչ օրս մահացել է 4590 մարդ։
Հիշեցնենք՝ Հայաստանի քաղաքացիները պատվաստվել կարող են ինչպես պոլիկլինիկաներում, այնպես էլ հանրային վայրերում գործող պատվաստման կետերում։ Օտարերկրացիները կարող են պատվաստվել հանրային պատվաստման կետերում և միայն երկրում առնվազն 10 օր մնալու պարագայում։ Ընդ որում՝ պատվաստման կետերի հերթերում Հայաստանի քաղաքացիներին տրվում է առաջնայնություն։