Home / Առողջապահություն / Բոլոր մարդիկ անախտանիշ հիվանդներ են

Բոլոր մարդիկ անախտանիշ հիվանդներ են

Մերկ կյանքը և պատվաստանյութը

Իմ նախկին ելույթներում ես հաճախ առաջ եմ քաշել մերկ կյանքի ֆիգուրը (la figura della nuda vita)։ Ինձ թվում է՝ այս համավարակն աներկբայորեն ի ցույց է դրել, որ մարդկությունն այլևս չի հավատում ոչնչի՝ մերկ գոյությունից բացի, որը պետք է ցանկացած գնով պահպանվի որպես այդպիսին։ Անգամ քրիստոնեական կրոնը՝ սիրո և բարեգթության իր արարքներով և մարտիրոսության հասնող հավատքով; քաղաքական գաղափարախոսությունը՝ անվերապահ համերաշխության իր ոգով; անգամ աշխատանքի և փողի հանդեպ հավատը, թվում է, իսկույն հետին պլան են մղվում, հենց մերկ կյանքը հայտնվում է սպառնալիքի տակ՝ թեկուզև մի վտանգի տեսքով, որի վիճակագրական աստիճանը հարափոփոխ է և դիտավորյալ անորոշ։

Ժամանակն է, որ հստակեցնեմ այս հղացքի իմաստն ու ծագումը։ Նախ, անհրաժեշտ է հիշել՝ մարդը մի բան չէ, որ կարող է սահմանվել մեկ անգամ և ընդմիշտ։ Փոխարենը՝ այն պատմական որոշման տարածք է, որն անընդհատ նորոգվելով՝ հստակեցնում է սահմանը մարդու և կենդանու, ինչպես նաև մարդու ներսում առկա մարդկայինի և թե ներսում, թե դրսում առկա ոչ մարդկայինի միջև։ Երբ Լիննեյը իր դասակարգման համար փնտրում էր մարդուն մյուս պրիմատներից տարբերակող հատկանիշը, ստիպված էր խոստովանել, որ չի գտնում այն․ homo խմբային անվան կողքին նա ի վերջո դրեց միայն հին փիլիսոփայական ասացվածքը՝ nosce te ipsum, «ճանաչիր ինքդ քեզ»։ Սա՛ է sapiens եզրի նշանակությունը, որը Լիննեյը կներառի իր Բնության համակարգի տասներորդ հրատարակությունում․ մարդը կենդանի է, որը մարդ լինելու համար պետք է ճանաչի իրեն որպես մարդ և տարանջատի – որոշի՛ – ինչով է մարդը տարբերվում նրանից, ինչը մարդ չէ։

Մեխանիզմը, որի միջոցով պատմականորեն կայացվում է այս որոշումը, կարող ենք մարդաբանական մեքենա անվանել։ Այդ մեքենան աշխատում է՝ բացառելով մարդուց այն, ինչ կենդանական կյանք է, և այդ բացառման միջոցով՝ արտադրելով մարդուն։ Բայց որպեսզի մեքենան գործի, անհրաժեշտ է, որ բացառումը նաև ներառում լինի․ երկու բևեռների – կենդանու և մարդու – միջև պետք է լինի հոդ կամ որոշակի շեմ, որը և տարանջատում, և միավորում է նրանց։ Այդ հոդը մերկ կյանքն է, այսինքն՝ կյանքը, որը ոչ լրիվ կենդանականն է, ոչ իսկական մարդկայինը, և որի մեջ որոշվում է մարդը և կենդանին։ Այդ շեմը, որն անցնում է մարդու ներսով՝ տարանջատելով կենսաբանական կյանքը հասարակականից, վերացարկում է և վիրտուալություն, բայց վերացարկում, որն իրական է դառնում՝ ինքն իրեն մշտապես մարմնավորելով կոնկրետ և քաղաքականապես որոշված պատմական կերպարների տեսքով՝  ստրուկ, բարբարոս կամ homo sacer, որին հին աշխարհում ցանկացածը կարող էր սպանել՝ առանց հանցանք գործելու, վայրի երեխա, գայլամարդ կամ այսպես կոչված homo alalus՝ որպես մարդու և կապիկի միջև պակասող օղակ Լուսավորության և 19-րդ դարում, քաղաքացի՝ արտակարգ դրության (state of exception) պայմաններում, հրեա՝ ճամբարում, մարդ կոմայի մեջ՝ վերակենդանացման պալատում, և մարմին, որ պահվում է օրգանների համար՝ 20-րդ դարում։

Ո՞րն է մերկ կյանքի ֆիգուրը, որ այսօր`համավարակի կառավարման ընթացքում, հարցադրվում է։ Դա ոչ այնքան հիվանդ մարդն է, ով մեկուսացված է և բուժվում է՝ ինչպես բժշկության պատմության մեջ չի բուժվել երբեք, ավելի շուտ՝ դա վարակված մարդն է կամ, ինչպես արտահայտվում է հակասական բառակապակցության մեջ, անախտանիշ տկարը (il malato asintomatico), որը փաստացի կարող է լինել ցանկացածը՝ առանց այդ մասին իմանալու։ Խոսքը ոչ այնքան առողջության, որքան կյանքի մասին է, որը ոչ առողջ է, ոչ հիվանդ և, որպես այդպիսին և իբրև պոտենցիալ ախտածին, կարող է զրկվել իր ազատություններից և ենթարկվել ամեն տեսակի արգելքների ու վերահսկման։ Այս առումով բոլոր մարդիկ, փաստացի, անախտանիշ հիվանդներ են։ Հիվանդության և առողջության միջև տատանվող այս կյանքի միակ ինքնությունը վիրակապ ու պատվաստանյութ ստացողինն է, որը՝ ասես նոր կրոնի մկրտություն, սահմանում է շրջված ֆիգուրը մի բանի, որ առաջ կոչվում էր քաղաքացիություն։ Մկրտությունն այլևս անջնջելի չէ, այլ անպայման ժամանակավոր և թարմացվող․ նոր քաղաքացին, որից մշտապես պահանջվում է ներկայացնել իր առողջության սերտիֆիկատը, այլևս չունի անօտարելի ու անբաժանելի (inalienabili e indecidibili) իրավունքներ, այլ միայն պարտականություններ, որոնք պիտի անընդհատ որոշվեն և թարմացվեն։

Ջիորջիո Ագամբեն
16 ապրիլի, 2021

անգլերեն թարգմանությունը՝ d-dean.medium.com, իտալերեն բնագիրը՝ quodlibet.it