Հունիսի 1-ից «Sputnik V»-ով կարող են պատվաստվել նաև ռիսկի խմբում չներառված’ 18 և բարձր տարիքի մարդիկ’ ըստ դիմելիության և կամավորության սկզբունքով, հաղորդել է Առողջապահության նախարարությունը։
Մինչ այս «Sputnik V»-ը նախատեսված էր միայն ռիսկի խմբի 18 տարեկան և բարձր տարիքի քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար։
Երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նույն օրվա դրությամբ երկրում արվել է մոտավորապես 80 000 պատվաստում, ինչը, ըստ Փաշինյանի, շատ փոքր ցուցանիշ է։ Հայաստանի ղեկավարը նկատել էր նաև, որ պատվաստումից հետո բարդացման որևէ դեպք մինչ այդ պահը չի գրանցվել։
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն էլ նշել էր, որ ընթացիկ վիճակը կառավարելի է, ըստ ԵՄ չափանիշների՝ Հայաստանը գտնվում է «կանաչ» գոտում, բայց վերջին 14 օրվա համեմատականը ցույց է տալիս, որ քովիդով վարակման դեպքերի աճ կա, և կանխարգելիչ միջոցառումները միտված են իրավիճակի կառավարելիությունը պահպանելուն:
Ավանեսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ աշնանն արդեն Հայաստանը ձեռք կբերի Johnson-ի (մեկ դեղաչափով) և Novovax-ի պատվաստանյութերը։