Home / Հայաստան / Արայիկ Հարությունյանը կփոխարինի Արսեն Թորոսյանին (թարմացված)

Արայիկ Հարությունյանը կփոխարինի Արսեն Թորոսյանին (թարմացված)

Թարմացում 17։19 – Արսեն Թորոսյանն իր հետագա գործունեությունը կշարունակի Ազգային ժողովում: Այս մասին հայտնել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետի աշխատակազմին ներկայացնելով նորընտիր ղեկավար Արայիկ Հարությունյանին։

«Եվ պիտի արձանագրեմ, որ ես գոհ եմ պարոն Թորոսյանի կատարած աշխատանքից: Ինչպես պարոն Հարությունյանը, այնպես էլ պարոն Թորոսյանը մեր քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչներն են, և քաղաքական քննարկումների արդյունքում, այդ թվում՝ պարոն Թորոսյանի ցանկությունները հաշվի առնելով, մենք որոշել ենք, որ նա իր հետագա գործունեությունը կշարունակի Ազգային ժողովում՝ օրենսդիր մարմնում»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։

Մեկ այլ որոշմամբ՝ Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից և նշանակվել վարչապետի աշխատակազմի ղեկավար։

Արայիկ Հարությունյանը, հիշեցնենք, 2018-ի մայիսի 11-ից մինչև 2020-ի նոյեմբերի 23-ը զբաղեցրել էր կրթության և գիտության, ապա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը։ 2020-ի նոյեմբերի 25-ին նա նշանակվել էր վարչապետի գլխավոր խորհրդական։