Երևանի Վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ մեկ րոպե տևողությամբ պատասխանը լսելու համար Հովսեփ Մուրադյանը ստիպված էր մի քանի անգամ ներկայանալ դատարան։ Հոկտեմբերի 11-ին նիստը, վերջապես, կայացավ։ Մոտ կես ժամ անց, սակայն, դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ տեղեկացնելով, որ հաջորդ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին։ Սույն օրը ժամը 9։30 նշանակված նիստից հետո՝ արդեն 9։33-ին, Մուրադյանը նկատեց․ «Ասում էի, չէ՞։ Վճիռը վաղուց գրած, դրած էր իրանց դարակում։ Երեկ էլ կարար կայացներ»։
Այսպիսով, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժեց 2013 թվականին Մարտակերտի զորամասերից մեկում ոչ մարտական պայմաններում զոհված (ըստ պաշտոնական վարկածի՝ ինքնասպան եղած) զինծառայող Արման Մուրադյանի հոր բողոքը («հանցագործությունը պարտակած քննիչների» դեմ քրգործը փակելու վերաբերյալ)՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։
Սպասելի վճռից զայրացած հայրը Epress.am-ի հետ զրույցում արդարադատության նախարարությունից պահանջեց լուծարել դատարանները։
«Ես արդարադատության նախարարությունից պահանջում եմ փակել դատարանները, որովհետև սրանք ոչ թե արդարադատություն իրականացնող մարմին են, այլ հանցագործությունը պարտակող օղակ։ Պետք է փակվեն, որովհետև մեր հարկատուների հաշվին նման դատարաններ ու դատավորներ պահելը անիմաստ է»։
Զրուցակիցը հիշեցրեց, որ մայր գործն արդեն իսկ վարույթ է ընդունվել Եվրադատարանի կողմից․ «Հեսա հերթական ապտակը կհասցվի Հայաստանի Հանրապետությանը։
Բյուջեից են վճարում դատավորների կատարած հանցագործությունների համար»։
Մուրադյանը համոզված է, որ դատական համակարգին կադրային ջարդ է հարկավոր, քանի որ «սրանք սովոր չեն արդար աշխատավարձով ապրելուն»։
«Ոչ մի հույս էլ չունենք դատարանների հետ կապված։ Մեր միակ հույսը Եվրադատարանի կայացված վճիռն է»։
Շարքային Արման Մուրադյանի՝ Մարտակերտի զորամասերից մեկում տեղի ունեցած մահվան դեպքի առթիվ 2013 թվականին քրգործ էր հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Գործի նկարագրությունում նշվում էր, որ զինծառայողն ինքնասպան էր եղել «իրեն ամրակցված զենքով»։ Հետագայում պարզվել էր, որ տվյալ զենքն, ըստ զինգրքույկի, Արմանին ամրակցված չէր եղել։ Ի թիվս այլ խախտումների, տուժողի իրավահաջորդը, զինվորի հայր Հովսեփ Մուրադյանը տարիներ շարունակ պնդում է՝ հրազենի վրա բացակայում էին որդու մատնահետքերը, ինչպես նաև՝ հանցագործների անուններ հնչեցնում, սակայն քննիչները նախաքննության ողջ ընթացքում անտեսում էին այս և այլ հանգամանքներ։
Տարիների շարունակ Մուրադյանը բազմաթիվ մանրամասնություններ էր ներկայացնում նաև այն մասին, թե ինչպես էր որդին հալածանքների ենթարկվում ծառայության ընթացքում:
Իրավահաջորդի կողմից ներկայացված որևէ ապացույց դատավորների որևէ որոշման վրա որևէ ազդեցություն չէին ունենում։ Քննիչների դեմ գործը կարճելու Հատուկ քննչական ծառայության որոշումը նա բողոքարկեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանում։ Այնուամենայնիվ, դիմողին չհաջողվեց դատարանին համոզել, որ զինծառայողի մահվան գործը ծածկադմփոց էր արվել, իսկ ՀՔԾ-ը իզուր էր կարճել քննիչներ Դերենիկ Իգիթյանի և Սերգեյ Թամրազյանի դեմ քրեական գործը։
Մուրադյանը, սակայն, հանձնվել չի պատրաստվում․ այսօրվա որոշումից հետո նա նշեց, որ կդիմի Վճռաբեկ, այնուհետև, հարկ եղած դեպքում, կրկին Մարդու իրավունքների եվրոպական դատարան։