Վարչապետի պաշտոնակատարից վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը շարունակում է կառավարության ձևավորման աշխատանքները․ նախարարների մեծ մասը վերանշանակվել են նույն պաշտոններում, կան նաև վերադասավորումներ և նոր նշանակումներ։ Արդեն նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, փաստացի, լքել է Կառավարությունը։ Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանն էլ ինքնաբացարկ է ներկայացրել և նոր գումարման խորհրդարանում այլևս չի լինի։
Փաշինյանի առաջարկով փոխվարչապետ է վերանշանակվել Մհեր Գրիգորյանը, ով 2018-ին (հեղափոխությունից հետո) Կառավարությունում էր հայտնվել ԲՀԿ-ի քվոտայով, բայց առ այսօր շարունակում է զբաղեցնել փոխվարչապետի պաշտոնը։
Փոխվարչապետ է նշանակվել նաև Սուրեն Պապիկյանը, ով 2018-ից մինչ այս զբաղեցնում էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։
Պապիկյանն այս պաշտոնում փոխարինել է «Քաղաքացիական պայմանագրի» վարչության մեկ այլ անդամին՝ Տիգրան Ավինյանին։ Ավինյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո փաստացի լքել է գործադիր և օրենսդիր իշխանությունները։
Անսպասելի այս որոշումը նախկին փոխվարչապետը մեկնաբանելի է բազմանշանակ ֆեյսբուքյան ստատուսով, որում, մասնավորապես, նշվում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական արշավին նա չի մասնակցել, քանի որ վստահ չէր, որ նախընտրական ցուցակը պահպանում է բիզնեսի և քաղաքականության տարանջատման սկզբունքը։ Խոսքը, հավանաբար, բիզնեսմեններ Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) և նախկին ԲՀԿ-ական Գուրգեն Արսենյանի մասին է, որոնք հայտնվել էին ՔՊ ցուցակի գլխամասում և ընտրությունների արդյունքում դարձել իշխող ուժի պատգամավորներ։
Ավինյանի բացակայությունը նոր Կառավարության կազմում մամուլում տարբեր վարկածներով է բացատրվում։ Տեղեկություններ են շրջանառվում, որ Ավինյանը հեռացել է՝ մայրաքաղաքում տեղի ունենալիք ընտրություններին հետագայում իբրև Երևանի քաղաքապետի թեկնածու մասնակցելու համար։ Գործող քաղաքապետ Հայկ Մարությանի և կառավարության հարաբերությունները վերջին ընտրություններից հետո զգալիորեն վատթարացել են․ նման վարկածի ի հայտ գալը, գուցե, պայմանավորված է զուտ այս հանգամանքով։
Փոփոխություններ են եղել նաև նախարարների շարքերում։
Դրանցից ամենաանսպասելին, թերևս, արդարադատության նախարարի նշանակումն է․ Ռուստամ Բադասյանին այս պաշտոնում փոխարինել է նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը (օմբուդսմեն է նշանակվել 2011 թվականին, 2016-ին հրաժարական է ներկայացրել)։
Այսօր առավոտյան հրապարակված որոշման համաձայն էլ՝ 2020-ի հունիսին ՊԵԿ նախագահ նշանակված Էդվարդ Հովհաննիսյանը ազատվել է պաշտոնից։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ է նշանակվել արդեն նախկին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Փոփվել է նաև Ֆինանսների նախարարը։ Դեռ 90-ականներից պետական կառավարման համակարգում աշխատած Ատոմ Ջանջուղազյանին փոխարինել է Էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը։
Առողջապահության նախարարությունը կշարունակի ղեկավարել Անահիտ Ավանեսյանը, ԱԻՆ-ը՝ Անդրանիկ Փիլոյանը, ԿԳՄՍ նախարարությունը՝ Վահրամ Դումանյանը, Էկոնոմիկայի նախարարությունը՝ Վահան Քերոբյանը։
Թե ով է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտնում փոխարինելու փոխվարչապետ դարձած Սուրեն Պապիկյանին՝ դեռևս հայտնի չէ։
Զուգահեռ շարունակվում է ձևավորվել նոր գումարման Ազգային ժողովի կազմաը։
ԱԺ նախագահ է ընտրվել ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը։ Սիմոնյանն նախորդ գումարման ԱԺ-ում զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը։ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը ընտրություններից հետո ինքնաբացարկ է ներկայացրել․ նոր ԱԺ-ում նա չի լինելու։
«Հայաստան» դաշինքը Ալեն Սիմոնյանի ընտրությունը մտադիր է վիճարկել Սահմանադրական դատարանում, քանի որ կարծում է, որ երբ կան կալանավորված պատգամավորներ, ԱԺ նախագահի ընտրությունը չի կարող լինել հավասար և մրցակցային։
Դատախազությունն, իր հերթին, պնդում է, որ ընդդիմության թեկնածուների (խոսքը Սյունիքի այն համայնքապետերի մասին է, որ ներառվել էին ընդդիմության նախընտրական ցուցակներում և ձերբակալվել՝ կառուպցիոն կամ ընտրախախտումների մեղադրանքներով) անձեռնմխելիությունը հաղթահարվել է, նրանք ազատությունից զրկվել են ԿԸՀ համաձայնությամբ (ԱԺ համաձայնությունը այս պարագայում չի պահանջվում), գործընթացը տեղի է ունեցել ըստ օրենքի և առանց խախտումների:
Խորհրդարանի երեկվա և այսօրվա նիստին ընտրվել են նաև ԱԺ երկու փոխխոսնակները՝ ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը և բարձր տեխնոլոգիաների նախկին նախարար Հակոբ Արշակյանը, ով ամիսների առաջ՝ լրագրողի հետ հայտնի միջադեպից հետո, հրաժարական էր ներկայացրել։ Նրանց ընտրությանն ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել։
Ըստ Սահմանադրության՝ ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկը պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունից։ Ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» դաշինքն առաջադրել է դաշնակցական Իշխան Սաղաթելյանին։
Նախորդ ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ղեկավարող Լիլիթ Մակունցն էլ նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան։
ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածուն այժմ Հայկ Կոնջորյանն է, խմբակցության քարտուղարի թեկնածուն՝ Նազելի Բաղդասարյանը։ «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, քարտուղար՝ դաշնակցական Արծվիկ Մինասյանը։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը կղեկավարի նախկին ԱԱԾ-ական, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, խմբակցության քարտուղարն էլ կլինի ՀՀԿ երիտթիմի ղեկավար Հայկ Մամիջանյանը։