Սահմանադրական դատարանը որոշեց անփոփոխ թողնել ԱԺ արտահերթ ընտրություններն ամփոփելու մասին՝ ԿԸՀ հունիսի 27-ի որոշումը։
ՍԴ-ն, այսպիսով, մերժեց խորհրդարան անցած «Հայաստան» և «Պատիվ Ունեմ» դաշինքների և անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց Հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունների դիմումները՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։
Հուլիսի 9-ից Բարձր դատարանը քննում էր ընտրությունների արդյունքները վիճարկող 4 դիմումները։ Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ որպես հարակից պատասխանողներ՝ ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:
8-րդ գումարման Ազգային ժողովը, այսպիսով, կունենա 107 պատգամավոր, որից 71-ը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագրից», 29-ը՝ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքից և 7-ը՝ Արթուր Վանեցյանի «Պատիվ ունեմ»-ից։