«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով կդիմեն Սահմանադրական դատարան։
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները այդ մասին հայտնել էին դեռևս ընտրություններից հետո, Արթուր Վանեցյանի (և Սերժ Սարգսյանի) առաջնորդած «Պատիվ ունեմ»-ը նոր է մտափոխվել։ Դաշինքի մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն այսօր հայտնել է, որ իրենք էլ են մտադիր դիմել ՍԴ․ ներկայացնելու են արձանագրված խախտումները, ակնկալելու են արդյունքների չեղարկում․․․
ԿԸՀ-ն համաձայն չէ
Նախօրեին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները։
Ըստ ամփոփված տվյալների,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է քվեների 53․91,
«Հայաստան» դաշինքը՝ 21.09, իսկ
«Պատիվ ունեմ» դաշինք՝ 5.22 տոկոսը։
2 595 512 ընտրողից քվեարկել է 1 281 997-ը կամ 49.39%-ը: Անվավեր է եղել 4593 քվեաթերթիկ:
Վերահաշվարկներ են եղել 82 ընտրական տեղամասերում․ դրանցից որոշներում արձանագրվել են ոչ էական բնույթի փոփոխություններ՝ պայմանավորված վավեր կամ անվավեր քվեաթերթիկների ճանաչման հետ։
Ընտրություններին մասնակցած 25 ուժերից 3-ը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև անցողիկ շեմը չհատած «Վերելք» ազգային-քրիստոնեական կուսակցությունի՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումները մերժվել են։
Երկրորդ և երրորդ նախագահների առաջնորդած դաշինքները, որոնք, ըստ վերջնարդյունքների, զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը, պնդում են, որ ընտրություններն անցել են խախտումներով, որոնք էական ազդեցություն են ունեցել արդյունքների վրա․ հիմքերն, ըստ էության, նույնն են, ինչ կլինեն ՍԴ դիմելու պարագայում։
Նախ՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ըստ նրանց, հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարումը շարունակելու իրավունք չուներ։
Փաշինյանը հրաժարական էր ներկայացրել՝ Սահմանադրությամբ ամրագրված և արտահերթ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ ֆորմալ պահանջները ապահովելու նպատակով։ Հրաժարականից հետո շարունակել էր կատարել վարչապետի լիազորությունները՝ արդեն ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում։
Բացի այդ, քվեարկության օրը, ըստ ընդդիմադիրների, իշխող ուժը վարչական ռեսուրս է կիրառել․ սա երկրորդ հիմքն է։
Այս կապակցությամբ «Հայաստան» դաշինքը որոշել էր վկայակոչել, օրինակ, զինծառայողների քվեարկության կարգը․ այն, որ զինվորների տվյալները մուտքագրվում են ձեռքով (ստեղնաշարով), ըստ դաշինքի ներկայացուցիչների, կեղծիքների հնարավորություն է տալիս։
Հարկ է նշել, որ զինծառայողների տվյալները ձեռքով են մուտքագրվում վերջին տասնամյակների ընթացքում անընդմեջ, քանի որ նրանք, ի տարբերություն քաղաքացիականների, քվեարկում են զինգրքույկով և ո՛չ անձնագրով։ Համեմատության համար կարելի է հիշատակել միայն վերջին երեք ընտրությունների տվյալները, ըստ որոնց՝ 2017 թվականի ընտրություններում նման ընթացակարգով քվեարկածների թիվը կազմել է 229 757, 2018-ին` 138 029, այս ընտրություններին` 109 հազար:
Վերահաշվարկներին վերաբերող «ապացույցների» մասին ավելի մանրամասն՝ այստեղ
Երրորդ հիմքը վերաբերում է նախընտրական փուլին, որի ընթացքում, ընդդիմադիր դարձած նախկին պաշտոնյաների կարծիքով, Նիկոլ Փաշինյանը «ատելության և բռնության կոչեր է հնչեցրել»։
Վերոհիշյալին «Հայաստան» դաշինքը ավելացրել է ևս մեկ հիմք, որը վերաբերում է «քաղաքական հետապնդումներին»․ խոսքը, հավանաբար, քրեական այն գործերի մասին է, որոնք հարուցվել են դաշինք(ներ)ի ներկայացուցիչների նկատմամբ՝ ընտրական հանցագործությանների հոդվածներով։
Ընտրարդյունքներն անվավեր ճանաչելու պահանջը դիտարկվել է ԿԸՀ-ի կողմից և մերժվել։
Դիտորդներն էլ համաձայն չեն
Այս համատեքստում ուշագրավ են տեղական խոշոր և միջազգային (այդ թվում՝ ԱՊՀ և ԵԱՀԿ) դիտորդական առաքելությունների ներկայացրած տվյալները։
Վերջիններիս նախնական եզրակացությունների համաձայն՝ չնայած բևեռացված միջավայրին, ընտրությունները անցել են մրցակցային պայմաններում, լավ կազմակերված, առանց էական խախտումների։
Տեղական ամենախոշոր դիտորադական առաքելությունները՝ «Անկախ դիտորդ» և «Ականատես» դաշինքները իրենց նախնական հայտարարություններում նշել են, որ արձանագրված խախտումների (ընտրակաշառքներ, վերահսկվող քվերակություն, վարչական ռեսուրսի կիրառում և այլն) ճնշող մեծամասնությունը եղել է․․․ հենց ընդդիմադիր՝ նախկին նախագահների հովանավորած երկու ուժերի (նախևառաջ «Հայաստան» դաշինքի) կողմից, որոնք այժմ ընտրությունների արդյունքների վիճարկմամբ են զբաղված։ Դրանց մի մասի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել, կան հարուցված քրեական գործեր։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության գնահատականը՝ այստեղ
ԱՊՀ դիտորդական առաքելության գնահատականը՝ այստեղ
«Անկախ դիտորդի» հայտարարությունը՝ այստեղ, ասուլիսը՝ այստեղ
«Ականատեսի» հայտարարությունը՝ այստեղ, ասուլիսը՝ այստեղ
Նախկին նախագահները արդյունքները ընդունում են, չեն ընդունում և ենթադրում են
Ընդդիմադիր դարձած նախկին նախագահների դաշինքների՝ ՍԴ դիմելու որոշումը տարակուսանք է առաջացնում ոչ միայն նրանց ընտրական անցյալի և վերոհիշյալ ներկայի, այլև՝ նրանց իսկ կողմից արված հետընտրական հայտարարությունների ֆոնին։
Երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, օրինակ, ԲիԲիՍի-ին օրեր առաջ տված հարցազրույցում փաստացի ընդունել էր Նիկոլ Փաշինյանի հաղթանակը խորհրդարանական ընտրություններում («Այո, ես կարծում եմ, որ նա հաղթել է»):
«Պատիվ ունեմ» դաշինքն էլ ընտրությունների հաջորդ իսկ օրը հայտարարություն էր տարածել, որում նշում էր, որ ընտրությունների արդյունքները «չի ճանաչում որպես Արցախյան վերջին պատերազմի տարածքային և մարդկային կորուստների լեգիտիմացում, որպես աշխարհաքաղաքական առևտրում Հայաստանի՝ մանրադրամի կարգավիճակի ամրագրում, որպես ազգայինի պարտություն ստահոդ և անբարո իրականությանը», բայց և վստահ է՝ «իրական ընդդիմադիր դաշտը պետք է ընդունի նաև իր սխալներն ու բացթողումները»։
Իրավիճակը պակաս տարակուսելի չէ նաև «Հայաստան» դաշինքի դեպքում։
Վերջինս, իհարկե, ընտրություններից անմիջապես հետո հայտարարեց, որ քվեարկության արդյուքները ճանաչել հրաժարվում է։
Հետագայում պարզվեց, որ այս հրաժարումը մեծապես պայմանավորված է․․․ նախընտրական սոցհարցումներով։
«Պետք է խոստովանեմ, որ ընտրության արդյունքները մեզ համար անսպասելի էին, կարծում եմ, որ անսպասելի էին շատ շատերի համար առաջին հերթին այն պատճառով, որ տարբեր կազմակերպությունների սոցիոլոգիական հարցումները ցույց էին տալիս այլ պատկեր՝ նույն Գելլափի հարցումները», – «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսին հայտարարել էր դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Հիմնվելով այս հարցումների վրա, Քոչարյանը ենթադրել էր, որ կարող էին լինել նաև զանգվածային խախտումներ, ասում էր՝ «պետք է փորձել գտնել բացատրություններ» և ի մի բերել նախընտրական շտաբների ձեռքի տակ եղած տվյալները։
Միաժամանակ նա նշում էր, որ նման արդյունքի պատճառ կարող էր լինել նաև «նախկին իշխանությունների վերադարձի գործոնը»․ «Մարդիկ վերջին պահին՝ մտահոգություն ունենալով այդ տեսանկյունից, գնացին և քվեարկեցին ներկա իշխանությունների օգտին»։
Հատկանշական է, որ «Հայաստան» դաշինքը, որը վստահված անձինք ուներ գրեթե բոլոր ընտրատեղամասերում, նաև՝ «Պատիվ ունեմ»-ը, ընտրությունների բուն ընթացքում էական, արդյունքների վրա ազդեցություն ունեցող կամ, ինչպես Ռոբերտ Քոչարյանն է ասում, «զանգվածային» խախտումների մասին համոզիչ հաղորդումներ չեն ներկայացրել։ «Բացատրություններ գտնելու» գործընթացը մեկնարկել է քվեարկության հաջորդ օրը՝ արդյունքների հրապարակումից հետո։
8-րդ գումարման խորհրդարանը կունենա 107 պատգամավոր, որից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագրից», 29-ը՝ «Հայաստան» դաշինքից, 7-ը՝ «Պատիվ ունեմ»-ից։
«Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները դեռ վերջնական որոշում չունեն՝ մանդատները վերցնելու են, թե վայր են դնելու։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով գլխավորում է ՀԴ-ի ցուցակը, ամեն դեպքում, հայտարարել է, որ խորհրդարանում իրեն «դժվար է տեսնում», իսկ նախկին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, ով գլխավորում է ՊՈՒ-ն, հավաստիացրել է, որ եթե դաշինքը վերցնի մանդատները, ինքը «իր թիմին մենակ չի թողնի»։