Վանաձորի 23/47 տեղամասում կատարված վերահաշվարկի պատմությունը առավոտվանից գրավել է լրատվականների գլխավոր էջերը․ ճչան վերնագրերը հայտնում են, որ վերահաշվարկի արդյունքում «Հայաստան» դաշինքի ձայներն ավելացել են 10 անգամ։
Լրատվականների մի մասը, ճիշտ է, մոռացել են նշել, որ նմանատիպ անճշտություններ նկատվել են նաև այլ տեղամասերում․ մուտքագրմամ վրիպակների արդյունքում, ըստ ԿԸՀ դիմած դիտորդների, պակասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտ 2000 և «Հայաստան» դաշինքի մոտ 700 ձայն։
««Հայաստան» դաշինքը մեծ աղմուկ է բարձևացրել Վանաձորի 23/47 տեղամասի շուրջ…
Իրականում այդ տեղամասի մասին առաջինը բարձրաձայնել է «Անկախ դիտորդը» և դիմել ԿԸՀ։ Որևէ կեղծիք չի եղել, խնդիրը պարզվել է առանց վերահաշվարկի։
Այդ տեղամասում քվեարկությանը մասնակցել է 802 հոգի, բայց բոլոր ուժերի ձայների ձայների ու անվավերների գումարը գալիս էր 712։ «Հայաստան» դաշինքի դաշտում գրվել էր 10 քվե, այնինչ պետք է լիներ 100 (և այդ դեպքում թվերը կբռնեին)։
Տեղամասի արձանագրության մեջ այդ դաշինքի դիմաց գրված էր 100 քվե, ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալներում` 10։ Ակնհայտ է, որ սա մուտքագրման վրիպակ է՝ այնպես, ինչպես եղել է մի շարք այլ տեղամասերում։
Նույն կերպ, օրինակ, 4/2 տեղամասում «Քաղաքացիական պայմանագիրը» հավաքել է 390 քվե, բայց ԿԸՀ-ի հրապարակած թվերում գրված էր 39 քվե: Այդ թիվը ևս ճշտվել է ու վերականգնվել:
Հիշեցնեմ, որ երեկ առավոտյան հայտարարեցինք, որ մուտքագրման վրիպակների արդյունքում պակասել է ՔՊ-ի մոտ 2000 ձայն ու «Հայաստան» դաշինքի մոտ 700 ձայն։
Այդպիսի վրիպակներ մենք հայտնաբերել էինք 4/2, 4/3, 4/9, 4/16, 4/44, 9/55, 10/43, 14/8, 23/42, 23/47, 24/4, 25/34, 33/31 և 35/30 տեղամասերում։ Նման վրիպակներ միշտ էլ լինում են, բայց դրանք անխուսափելիորեն վերացվում են արձանագրությունների վերամուտքագրման ընթացքում՝ նախքան վերջնական արդյունքները», – գրել է դիտորդական դաշինքի խոսնակ Դանիել Իոաննիսյանը։
«Անկախ դիտորդի» ներկայացուցիչ Անտոն Իվչենկոն պարզաբանել է՝ ընդհանուր առմամբ, «Հայաստան» դաշինքի քվեների հետ կապված անճշտություններ արձանագրվել են 4 տեղամասերում (պակասած քվեների ընդհանուր քանակը՝ 733), ևս 7 տեղամասերում անճշտություններ են արձանագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեների հետ կապված (պակասած քվեների ընդհանուր քանակը՝ 1973):
«Այստեղ շատ կարևոր է ուշադրությունը սևեռել երկու հանգամանքի վրա.
– քվեաթերթիկները ուղղակի պակասել են՝ դրանք չեն անցել ՀԴ-ից ՔՊ կամ հակառակը:
– որոշ տեղամասերի դեպքում հեշտությամբ կարելի է պնդել, որ պակասորդը զուտ մուտքագրման ընթացքում մի թիվ պատահաբար չգրելու արդյունք է…»։
Եթե որոշ տեղամասերում անճշտությունը կարող է բացատրվել սովորական վրիպակով (4/2 տեղամասում, օրինակ, ՔՊ-ի 390-ի քվեների փոխարեն մուտքագրվել է 39), մի շարք դեպքերում (օրինակ՝ 14/8 տեղամասում, որտեղ «Հայաստան» դաշինքի 281 քվեները վերածվել են 26-ի) սովորական վրիպակի վարկածն չի աշխատում։
Անհամապատասխանությունը, ըստ Իվչենկոյի, առաջինը նկատել են «Անկախ դիտորդի» ռուս գործընկերները, որոնք՝ համեմատելով քվեարկությանը մասնակցած մարդկանց թիվը կուսակցությունների/դաշինքների ստացած և անվավեր քվեների թվի հետ, բացահայտել են, որ մի շարք տեղամասերում դրանց տարբերությունը 0-ից ավել է (պետք է լինի ուղիղ 0)։
Խնդիրը հայտնաբերելուց հետո «Անկախ դիտորդը» հրապարակում է պատրաստել և գրություն ուղարկել ԿԸՀ:
«Առավոտյան մեր դիտորդները գնալու են Տարածքային ընտրական հանձնաժողովներ՝ վերահաշվարկները դիտարկելու, գուցե այդտեղ պարզվի էս փնթի աշխատանքի առեղծվածը», – ամփոփել է Անտոն Իվչենկոն՝ կից ներկայացնելով հաշվարկների ֆայլի հղումը։
ԿԸՀ-ն առ այսօր 27 տեղամասերում վերահաշվարկ իրականացնելու դիմում է ստացել։ Նման պահաջով դիմելու ժամկետը լրացել է երեկ՝ առավոտյան 11։00 -ին։ Վերահաշվարկի գործընթացը կշարունակվի մինչև ուրբաթ՝ հունիսի 25-ը։ Արդյունքները, դատելով հայտնաբերված անճշտություններից, որևէ էական ազդեցություն ընտրությունների վերջնարդյունքի վրա ունենալ չեն կարող։
Այսօր քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են Երևանի Դավթաշեն վարչական շրջանի երկու ընտրատեղամասի․ վերահաշվարկի արդյունքում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել, հանձնաժողովի նախագահն արձանագրություն է կազմել: Մի ընտրատեղամասի դեպքում պատճառը բաց պարկն է եղել (քվեարկության ավարտին՝ ձայների հաշվարկից հետո նկատել են, որ պարկը բաց է), երկրորդ ընտրատեղամասի դեպքում՝ իրար չեն համապատասխանել քվեաթերթիկների վրա ամրացվող դրոշմանիշների և կտրոնների թվաքանակները: