Հակոբ Արշակյանը հրաժարական է տալիս Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից:
«Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի անընդունելի եմ համարում պաշտոնյայի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնության կիրառումը, մենք պարտավոր ենք շարժվել առանց բռնության հասարակություն ունենալու ճանապարհով։ Որպես բարձաստիճան պաշտոնյա, Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ներկայացնող անձ, առավել ևս, պարտավոր եմ սեփական փորձով ծառայել հանրությանը որպես օրինակ։ Այսպիսով իմ անհանդուրժողականություն եմ հայտնում բռնությանը, թե հոգեբանական, թե ֆիզիկական։ Հուսամ, որ կատարվածը որպես դաս կծառայի մեր հասարակության համար և մենք մի փոքր ավելի կսիրենք իրար ու կհարգենք յուրաքանչյուրի անձնական, ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը», – գրել է նա Ֆեյսբուքի էջում:
Արշակյանը մոտ երկու շաբաթ առաջ հարվածել էր irakanum.am կայքի խմբագրին, որը համառորեն փորձում էր ճշտել, թե ինչու է նախարարը ռեստորան այցելել աշխատանքային ժամին։ Այս պատմությունից հետո լրագրողական կազմակերպությունները հրաժարականի կոչեր էին անում, բայց պաշտոնանկություն չեղավ, նախարարը ներողություն խնդրեց։
Մյուս աղմկահարույց պատմությունը կապված էր Աբու Դաբիում անցկացված ռազմաարդյունաբերական միջազգային ցուցահանդեսի հետ։ Պետական բյուջեին 23 միլիոն դրամ արժեցած Հայաստանի տաղավարը մնացել էր առանց ցուցանմուշների։ Նախարարությունը հրապարակել է ավելի քան մեկ ամիս տևած ծառայողական քննության արդյունքները. 2 աշխատակցի նկատողություն է տրվել, մեկին՝ խիստ նկատողություն։