Home / Առողջապահություն / Ամենաքիչը 11 զոհ Կուզբասում․ 46-ը դեռ հանքահորում են

Ամենաքիչը 11 զոհ Կուզբասում․ 46-ը դեռ հանքահորում են

Ռուսաստանի Կեմերովո մարզի Բելովո քաղաքի հանքահորից մեկում` 250 մետր խորության վրա, վթար է տեղի ունեցել. 11 հոգի զոհվել են, մոտ հինգ տասնյակ մարդ վիրավորվել, 46-ը դեռ գտնվում են հանքահորում։

Վթարի հավանական պատճառներից է օդափոխային միջանցքում ածխային փոշու բռնկումը։

Պատահարի ժամանակ հանքահորում է եղել 285 բանվոր, որոնցից 239-ը դուրս են բերվել։ Ներսում գտնվողները չեն կարող ինքնուրույն դուրս գալ, նրանց մոտ փրկարարներ են ուղարկվել։ Հանքի վարչակազմը հաղորդում է, որ փրկարարները ստիպված են եղել լքել տարածքը՝ գազի վտանգավոր խտաստիճանի պատճառով։

Վթարի հետևանքով հիվանդանոց է դիմել 49 աշխատող, 4-ի վիճակը գնահատվել է ծանր։

Ռուսական «Ինտերֆաքսը»՝ հղվելով սեփական աղբյուրին, գրում է, որ օդափոխային հանքամիջանցքում պայթյուն է տեղի ունեցել, որից հետո ծուխը տարածվել է ամբողջ հանքահորով։ Համարվում է, որ տեղի ունեցածը անվտանգության կանոնների խախտման հետևանք է։ Սակայն, նշում է աղբյուրը, չեն բացառվում նաև այլ պատճառները, ինչպես, օրինակ, սարքավորումներում առաջացած կարճ միացումը կամ «բնության գործոնը»։