Դեռ 2018 թվականին քաղաքային նոր իշխանությունները խոստանում էին, որ առնվազն 2-3 տարում Երևանը արժանավայել տրանսպորտային ցանց կունենա։ Նախատեսվում էր հնամաշ Գազելները փոխարինել նոր ավտոբուսներով, վերանայել երթուղիները, ներդնել էլեկտրոնային չվացուցակներ․․․
Երեք տարի է անցել։ Չնայած տրանսպորտային ցանցը որոշակիորեն վերազինվել է, արմատական փոփոխություններ երևանցիները չեն զգում։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանը նոր վարկ է վերցրել՝ շուրջ 25 միլիոն դոլար։ Գումարը հատկացվել է քաղաքային նոր ավտոբուսներ ձեռքբերելու համար։ Նույն նպատակով կառավարությունը կարողացել է ներգրավել նաև 5 միլիոն դոլարի դրամաշնոր։
Որքանո՞վ է «արժանավայել տրանսպորտային ցանցը» մոտեցել և ինչ է արվել անցած երեք տարիների ընթացքում՝ Epress․am-ը հարցրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանին։
311 ավտոբուս՝ համայնքից
Անցյալ երեք տարիների ընթացքում 311 ավտոբուս է գնվել։ Ծախսվել է շուրջ 11․3 միլիարդ դրամ։ Քաղաքապետարանի խոսնակը շեշտում է՝ գումարը հատկացվել է համայնքային բյուջեից։
Ինչպեսև աղբահանության դեպքում՝ նոր ավտոբուսների շահագործումը կազմակերպվում է ոչ թե մասնավոր, այլ՝ համայնքային ընկերության կողմից («Երևանի ավտոբուս» ՓԲԸ):
311 ավտոբուսներից 100-ը 6․6 մետրանոց են, գնվել են 1․8 միլիարդ դրամով, արդեն երթևեկում են։
Մյուս 211 ավտոբուսները ավելի մեծ են՝ 8․6 մետրանոց, գնվել են 9․5 միլիարդ դրամով․ խոսնակը հավաստիացնում է, որ մեքենաներն արդեն Հայաստանում են և առաջիկա օրերին կհանձնվեն շահագործման։
Վարկով ավտոբուսներ
Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) ստացած 25 միլիոն եվրոյով և Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերությունից (E5P) ստացած 5 մլն․ եվրո դրամաշնորով նախատեսվում է ձեռք բերել ևս 100, այս անգամ՝ արդեն 12 մետրանոց ավտոբուս։
Քաղաքապետարանը դիտարկում է եկող տարի համայնքային բյուջեի միջոցներով ևս 100 նոր՝ փոքր ավտոբուս գնելու հնարավորությունը։
Նորերը կփոխարինեն հներին, հները՝ մաշվածներին
Քաղաքապետի խոսնակի փոխանցմամբ՝ անգամ երբ բոլոր նոր ավտոբուսները հանվեն գիծ, դեռ լուրջ դեֆիցիտ է լինելու։ Գծերի մի մասը սպասարկելու են հին գազելները։
«Աստիճանաբար որոշ գծերում քիչ մաշված ավտոբուսները կփոխարինվեն նորերով, փոխարինվածները կգնան շատ ավելի վատ վիճակում գտնվող երթուղիներ»։
Օրական Երևանում շուրջ 500-600 միկրոավտոբուս է դուրս գալիս գիծ։
«Դրանց ճնշող մեծամասնությունը, պարզ ասած, «գազելներ» են։ Շուրջ 500֊600 գազել ամեն օր դուրս է գալիս երթի։ Գազելների փաստացի քանակը հասնում է 800-900֊ի։ Զգալի մասը՝ մոտավորապես կեսը, մաշված վիճակում է։ Համալրումից հետո շահագործումից դուրս կգան միայն մաշված գազելները։ Հետագա փուլերում գծերից կհանվի նաև մնացած մասը»։
«Արժանավայել տրանսպորտային ցանցին» մնաց 539
Դեռ 2015-ին Երևանի քաղաքապետարանը բրիտանական մի ընկերությանը պատվիրել է նախագծել քաղաքի նոր տրանսպորտային ցանցը։ Կարապետյանի փոխանցմամբ՝ հաշվարկներ են իրականացվել, համաձայն որոնց՝ ամբողջությամբ նոր տրանսպորտային համակարգ ունենալու համար Երևանին անհրաժեշտ է 850 ավտոբուս (զգալի մասը՝ 8,6 մետրանոց, որոշ մասը՝ 12 մետրանոց և 18 մետրանոց)։
Որքա՞ն գումար է պետք դա իրագործելու համար։
Խոսնակն ասում է՝ մոտ 24 միլիոն դոլար արդեն ծախսվել է, ևս 25 միլիոն եվրո կծախսվի առաջիկայում։ Եվ սա՝ անհրաժեշտ ծածկույթի միայն կեսն է։
Մետրոյի ապագան ավելի անորոշ է
Երևանի մետրոյի նոր՝ Աջափնյակ կայարանի նախագծման մրցույթ է իրականացվել, հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը, որը մետրոպոլիտենի զարգացման՝ շուրջ 500 միլիոն դոլար արժողությամբ նախագիծ էր ներկայացրել։ Նախագիծը ենթադրում է նաև մետրոյի գործող ենթակառուցվածքների թարմացում։
Epress.am-ի հետ զրույցում խոսնակը պարզաբանում է՝ այն, որ մրցույթը կայացել է և պայմանագիր է կնքվել, որոշակիորեն մոտեցնում է գործընթացը իր վերջնարդյունքին, բայց երաշխիքներ, որ կայարանը կկառուցվի, դեռևս չկան․ ֆինանսավորում է անհրաժեշտ։
«Մետրոպոլիտենը պետական գույք է, որը կառավարվում է քաղաքապետարանի կողմից։ Քաղաքապետարանը այստեղ, ըստ էության, օպերատոր է հանդիսանում։ Բայց ֆինանսավորումը արվում է պետական բյուջեից»։