Home / Բնապահպանություն / «Սանիթեք»-ի անգործությունն անհետևանք չի մնա

«Սանիթեք»-ի անգործությունն անհետևանք չի մնա

«Սանիթեք» ընկերությունն արդեն 8-րդ օրն է Երևանում աղբահանություն չի իրականացնում:

«Սանիթեք»-ը պնդում է՝ աշխատանքը դադարեցվել է ֆինանսական խնդիրների պատճառով, որոնք առաջացել են քաղաքապետարանի «անհամաչափ» սանկցիաների հետևանքով․ Երևանի քազաքապետարանը իրենց չի փոխանցել շուրջ 330 միլիոն դրամ, և ընկերությունը, որը քաղաքապետարանի տուգանքների և Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) «ճնշումների» պատճառով գտնվում է սնանկության եզրին, առանց այդ գումարի չի կարող շարունակել աշխատանքները։

Epress.am-ի հետ զրույցում քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով «Սանիթեք»-ի հայտարարություններին, ասաց՝ քաղաքապետարանի սանկցիաները չեն կարող լինել վատ աշխատանքի (կամ չաշխատելու) պատճառ, որովհետև դրանք վատ աշխատանքի (և չաշխատելու) հետևանք են։

«Քաղաքապետարանը, այո, շուրջ 300 միլիոն դրամի տուգանքներ և պահումներ է արել։ Քաղաքապետարանի կիրառած բոլոր սանկցիաները՝ այդ թվում նաև տուգանքները, եղել են փաստարկված և փաստաթղթավորված, հիմնվել են բացառապես արձանագրված դեպքերի վրա»։

Քաղաքապետարանը երկու պայմանագրով ամրագրված պարտավորությունների կատարման դիմաց տարեկան 5 միլիարդ 200 միլիոն դրամ է վճարում «Սանիթեք»-ին։

«Սանիթեքը գումարը ստանում է, պարտավորությունները հետևողականորեն չի կատարում։ Տուգանքները ոչ թե պատճառն են, այլ հետևանքը վատ կատարված կամ չկատարված աշխատանքի, թերի մատուցված կամ առհասարակ չմատուցված ծառայությունների,» ― ասում է Կարապետյանը:

Նրա փոխանցմամբ, քաղաքապետարանի կողմից կիրառված սանկցիաները «Սանիթեք»-ին վճարվելիք միջոցների չնչին տոկոսն են կազմում:

«Սանկցիաները նույնիսկ ավելի մեղմ են եղել, քան կարող էին լինել, և կազմել են իրենց վճարվելիք ընդհանուր գումարի մի քանի տոկոսն ընդամենը։ Եթե ընկերությունը իրեն վճարվելիք գումարի ավելի նվազ, քան տասը տոկոսի չվճարման պատճառով կոլապսի է ենթարկվում, ուրեմն՝ մի բան այն չէ։ Մի բան այն չէ կամ ընկերությունում, կամ ընկերության արված հայտարարություններում,» – ասաց Կարապետյանը՝ ընդգծելով, որ «Սանիթեք»-ի վրա՝ ՊԵԿ-ի «ճնշումների» մասին հայտարարությունները կթողնի անպատասխան, քանի որ

«եթե «Սանիթեք»-ը ճնշումներ ասելով նկատի ունի դեռևս փետրվարին ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը [ըստ ՊԵԿ-ի՝ «Սանիթեք»-ը չի վճարել կես միլիարդ դրամ հարկ], ապա քաղաքապետարանն այդ գործի հետ որևէ առնչություն չունի»։

Epress.am-ի հարցին՝ ինչպե՞ս է քաղաքապետարանը պատկերացնում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն և ինչպե՞ս է կազմակերպելու աղբահանությունը, եթե «Սանիթեք»-ը դուրս չգա աշխատանքի, քաղաքապետի մամուլի խոսնակը պատասխանեց՝ աղբահանությունը կկազմակերպվի այնպես, ինչպես վերջին մի քանի ամիսների ընթացքում էր կազմակերպվում․

«Այսինքն՝ «Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ուժերով։ Համայնքային հիմնարկը ամիսներ առաջ ստեղծվել է հենց «Սանիթեք»-ի բացերը լրացնելու և «Սանիթեք»-ի հետ զուգահեռ աշխատելու համար։

Հիմնարկի ռեսուրսներն այս պահին, իհարկե, չեն բավարարում մեր պատկերացրած որակյալ աղբահանությունն իրականացնելու համար։ Բայց դրանք համալրվում են։ Այս պահին մոտ 26 մեքենա աշխատում է, ակնկալվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում մեքենաների թիվը կկրկնապատկվի՝ հասնելով մոտ 50-52-ի։

Համալրվում են նաև աղբամանները։ Օգոստոսի 3-ին նոր աղբամաններ տեղադրվեցին Աջափնյակում, դրանից առաջ տեղադրվել էին Դավթաշենում, շուտով կտեղադրվեն նաև Կենտրոն վարչական շրջանում և այդպես շարունակ»։

Հարցին՝ արդյո՞ք դա նշանակում է, որ «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը կլուծարվի և մոտ ապագայում քաղաքի աղբահանությունը կապահովվի բացառապես համայնքային ուժերով, քաղաքապետի մամուլի խոսնակը պատասխանեց․

«Քաղաքապետը ճեպազրույցի ժամանակ ասաց, որ իրավական գործընթաց է մեկնարկել։ Բնականաբար, «Սանիթեք»-ի վերջին ամիսների և հատկապես վերջին օրերի այս վարքագիծը պետք է ունենա իրավական հետևանքներ և անշուշտ կունենա։ Իսկ քաղաքի աղբահանությունը․․․ այն ոչ թե մոտ ապագայում, այլ արդեն մոտ անցյալից սկսած իրականացնում է համայքնային հիմնարկի կողմից՝ համայնքային ուժերով,» – ասաց Կարապետյանը։

«Սանիթեք»-ից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց․ ընկերության կայքն ու ֆեյսբուքի էջը չեն գործում, իսկ թեժ գիծը հրաժարվում է փոխանցել հասարակության հետ կապերի բաժնի հեռախոսահամարը։