Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեքի» միջև կնքված պայմանագրի համաձայն, ընկերությունը ենթարկվել է շուրջ 26 միլիոն դրամի տույժի, «Ֆեյսբուք» սոցցանցի միջոցով հայտնել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Նրա գնահատմամբ՝ սա հետևանքն է խախտումների և չկատարված աշխատանքների, որոնք արձանագրվել են մայրաքաղաքի աղբահանության ոլորտում․ «Այդպիսով, ընկերությունը ապրիլ ամսվա ծառայությունների դիմաց վճարվել է 26 մլն դրամով պակաս: Նշենք, որ ըստ պայմանագրի, թերացման և չկատարված աշխատանքների ամեն ուշացված օրվա համար նախատեսվում է տույժ՝ պայմանագրի գումարի 0,5 %-ով»։
Ապրիլի սկզբին ընկերությունը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասված էր․ «Սանիթեք» ընկերությունը հարկ է համարում պարզաբանում ներկայացնել վերջին շաբաթում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Դեռևս նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ընկերությունը քաղաքապետարանի հետ քննարկումների ժամանակ նախազգուշացրել էր, որ եթե չլինի համատեղ լուծում, ապա աղբահանության կազմակերպման հետ կապված կարող են ծագել խնդիրներ։
«Սանիթեք» ընկերությունն այս ողջ ընթացքում անդադար վնասներ է կրել և չի ստացել ոչ մի փոխհատուցում։ Տեղեկացնում ենք, որ ընկերության և քաղաքապետարանի հետ համատեղ քննարկումները շատ մոտ են հանգուցալուծմանը, որը պետք է հանգեցնի մեր քաղաքի անխափան ու բարձր մակարդակի աղբահանությանը։ Շուտով ավարտին կմոտենա «Սանիթեք» ընկերության և քաղաքապետարանի համագործակցության նոր ձևաչափի քննարկման գործընթացը։ Եվս մեկ անգամ հայցում ենք ձեր բոլորի ներողամտությունը և խոստանում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում լուծել մեր սիրելի քաղաքի աղբահանության խնդիրը և վերջնականապես ունենալ անաղբ և մաքուր Երևան»։
Ապրիլի 18-ին խնդիրը քննարկվեց նաև կառավարության նիստի ընթացքում։