Home / Շուկա / Չաղբահանող «Սանիթեքը» այս անգամ տուգանվեց 13 միլիոնով

Չաղբահանող «Սանիթեքը» այս անգամ տուգանվեց 13 միլիոնով

«Սանիթեք» ընկերությունը ևս մեկ անգամ տուգանվեց աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար

Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ծառայությունների կողմից օգոստոսին իրականացված հսկողության արդյունքում պայմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքերով «Սանիթեք» ընկերությանն ուղարկվել են «Համապատասխանության մասին ծանուցումներ» և սահմանվել
ողջամիտ ժամկետներ՝ թերությունները վերացնելու համար: Ոչ բոլոր դեպքերում են թերությունները վերացվել ծանուցումներով սահմանված ժամկետներում, որի հիման վրա, պայմանագրին համապատասխան, թողարկվել է «Ծառայությունների ձախողման մասին» ծանուցում և սահմանված կարգով օգոստոս ամսվա կատարողականից պահվել
է տուգանք՝ 12.967.739 դրամի չափով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Ըստ հաղորդագորւթյան, «Սանիթեք» կազմակերպությունը ներկայացրել է իր առարկությունները թողարկված ծանուցագրերի վերաբերյալ, առ այն, որ ձախողումները պայմանավորված են նաև օբյեկտիվ հանգամանքներով. տվյալ դեպքում խնդիրը վերաբերում է աղբավայրի անհրաժեշտ պայմանների բացակայությամբ պայմանավորված աղբատար մեքենաների վնասմանը, աղբամանների մեծ քանակով այրմանը և վնասմանը և այլն:

«Անկախ վերը նշված խնդիրների օբյեկտիվ կամ սուբյեկտիվ լինելու հանգամանքից, գիտակցելով նման ծառայությունների օրական անխափան մատուցման կարևորությունը, Երևանի քաղաքապետարանը ձեռնարկում է միջոցներ՝ աջակցելու «Սանիթեք» ընկերությանը՝ ծառայությունների ընթացքը բնականոն հուն վերադարձնելու համար, բանակցում է «Սանիթեք» ընկերության հետ վնասված մեքենամեխանիզմների և աղբամանների փոխարինման
նպատակով լրացուցիչ ներդրումներ անելու վերաբերյալ, իսկ իրավիճակը հնարավորին սեղմ ժամկետում չշտկելու դեպքում Երևանի քաղաքապետարանը կձեռնարկի պայմանագրով նախատեսված առավելագույն պատասխանատվության միջոցները, որը, սակայն, կպահանջի որոշակի ժամանակ և ընթացակարգ` ծառայությունների առանձնահատկություններով պայմանավորված աղբահանության անընդհատությունն ապահովելու համար», – ասված է հաղորդագրությունում։