Home / Հայաստան / «Սանիթեքի» խնդիրը հասավ կառավարություն

«Սանիթեքի» խնդիրը հասավ կառավարություն

«Կրիտիկականը 2012 թվականի Նեապոլի վիճակն էր։ Լուսանկարները նիստից հետո, եթե թույլ տաք, Ձեզ կուղարկեմ, կտեսնեք։ Դա կրիտիկականն է», ֊ կառավարության նիստի ընթացքում Երևքանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս խոսքերով դիմել էր վարչապետին և բացատրել՝ ինչու է քաղաքում ստեղծված աղբահանության հետ կապված իրավիճակն օբյեկտիվ։

«Ի սկզբանե նախատեսվում էր, որ պետք է լինի երկու օպերատոր։ Անգամ կար շվեդական ընկերություն, պետք է մասնակցեր [տենդերին], այնուհետև հաղթող ճանաչվեց «Սանիթեք» ընկերությունը։ Մեր գալուն պես, եթե կհիշեք, հոկտեմբերի 15-ից ես արդեն որպես քաղաքապետ եմ հանդես եկել, այդ պահին շատ վատ վիճակում էր ամբողջ քաղաքի աղբահանությունը։

Քաղաքապետարանը բազմիցս զգուշացրել էր  «Սանիթեքին»՝ ասելով, որ եղած մեքենաներով հնարավոր չէ շարունակել աշխատել։ Իրենք ասեցին, որ ֆինանսական հնարավորություններ չունեն։ Կանխազգալով, որ այս օրը պետք է գա, որ իրենց մեքենաները իրոք կսկսեն փչանալ, մենք մրցույթի էինք հանել 24 աղբատար մեքենա, որը պետք է ձեռքբերեր Երևան քաղաքը»։

Մարությանի խոսքով՝ ընկերությունը հղում էր բանավոր պարտավորություններին, որոնց, սակայն, քաղաքապետի թիմը տեղյակ չէ և մտադիր է աշխատել միայն պայմանագրի շրջանակներում։

«Սանիթեքն» արդեն տուգանվել է 13 միլիոն դրամով։ Քաղաքապետարանն անհիմն է համարել որոշման բողոքարկումը և դիմել դատարան, որը վարույթ է ընդունել հայցը։ Իսկ մինչ այդ իրավիճակը շտկելու համար Հայկ Մարությանը դիմել է կառավարությանը՝ մի քանի մեքենա գնելու խնդրանքով։

«Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ամեն օր գնում է այնտեղ, տեսնում՝ քանի մեքենա է դուրս եկել, մեքենաները ոչ թե վատ, այլ շատ վատ վիճակում են։ Ենթադրենք՝ դուրս է գալիս 16 մեքենա, երևի, 15-20 րոպե հետո 3-4 ուղղակի կանգնում են տեղում։ Մի ձև հետ են տանում, աշխատում են, նորից դուրս են տանում։ Էս իրավիճակում իրենք ուղղակի ի զորու չեն Երևան քաղաքն ապահովելու․․․», – ասել է քաղաքապետը։

Նոր մրցույթ անցկացնելու համար անհրաժեշտ է խզել գործող պայմանագիրը․ «Խզման համար պայմանագրում կան որոշակի կետեր, կա խզման ընթացակարգ։ Վերահսկելու ենք իրավիճակը և, եթե դրա կարիքը լինի, նաև օգտագործելու ենք այդ կետերը՝ պայմանագիրը խզելու համար։ Առանց ճիշտ ընթացակարգի, բնականաբար, այդ ընկերությունը կմտնի դատարան և կպահանջի այս մոտակա տասը տարվա շահույթը, որը պետք է ունենար»։

Ներկաներից մեկը հուշեց, որ ընկերությունը լսում է քաղաքապետի խոսքերը, ինչին ի պատասխան վարչապետը նկատեց․ «Լսում են, բայց գաղտնիք չկա էլ։ Հիմա ձեր մտքերի ընթացքը նաև կհասկանան և, ինչպես կանխատեսվում էր, ավելի վատ կսկսեն հավաքել աղբը, դրա համար կառավարությունը պետք է բոլոր հնարավոր միջոցներով աջակցի քաղաքապետարանին, որպեսզի «Սանիթեքը» պատշաճ փորձի կատարել․․․ Բայց դե, մյուս կողմից, դուք ասացիք, որ 13 միլիոն դրամ տուգանել եք, չէ՞։ Բայց փաստն էն ա, որ էդ տուգանքն ավելի է վատացնելու վիճակը․ նրանք հաջորդ փուլում ասելու են․ դե, 13 միլիոն տուգանեցիք, մենք էլ փող չունեինք, որ մեքենաները նորոգեինք, էն ժամանակ երեքն էր փչանում, հիմա՝ յոթը»։

Փաշինյանն առաջարկեց արձանագրել, որ խնդիրը ծագել է այն ժամանակ, երբ փաստացի ընտրվել է մեկ օպերատոր․ երկուսի դեպքում պատկերն այլ կլինեին։ «Էն ժամանակ, երբ մամուլում լայն քննարկվում էր՝ էս ի՞նչ գործարք ա, ի՞նչ կազմակերպություն ա, հիմա մենք տեսնում ենք, թե էդ ինչ գործարք ա, ինչ կազմակերպություն ա», ֊ ասել է վարչապետը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, արդյոք վերջին տարիների ընթացքում վերանայվել են աղբահանության համար նախատեսված վճարները․ «Միգուցե, հենց էդտե՞ղ է գտնվում խնդիրների մի մասը»։

Քաղաքապետն ընդունում է, որ վճարներին այս կամ այն կերպ պետք է անդրադառնալ, սակայն այս պահին վճարները չեն, որ ճգնաժամի պատճառ են դարձել։, «Ընկերությունը բազմիցս ինձ ասել է, որ «պարոն քաղաքապետ, գիտե՞ք, այս գումարով հնարավոր չի այս գործողություններն անել, սա քիչ է»։ Ես ասացի՝ շատ լավ, երկու լոտ է ձեզ մոտ, երկուսին էլ դուք եք տիրապետում, եկեք մեկ լոտն այս պահին հանենք մրցույթի, դուք նույն գնով մասնակցեք մրցույթին։ Եթե ձեզանից պակաս տվող չեղավ, բնականաբար, դուք նորից ձեր լոտը կշահեք։ Ես անգամ խոսք տվեցի, ասացի՝ չգիտեմ ոնց, կգտնենք իրավական մասը, կտեսնենք՝ ձեզանից ով է ավել առաջարկել, կտեսնենք, որ հաջորդ առաջարկն ավելի բարձր է, մենք էդ բարձրի գինը ձեզ կվճարենք՝ հասկանալով, որ սա է միակը, որին մոտենում է մեկ այլ օպերատոր։ Ինքն ասեց՝ շատ լավ, մենք գնանք, քննարկենք այլ սեփականատերերի հետ։ Թռավ Լիբանան, վերադարձավ, ասեց՝ ոչ, մենք, այնուամենայնիվ, մտահոգություն ունենք, որ կարող է մեկն ավելի ցածր առաջարկել։ Ես ասացի՝ ուրեմն, այսքանով մենք ավարտում ենք այն խոսակցությունը, որ դուք ցածր գնով եք մատուցում մեզ այս ծառայությունը»։

Վարչապետը նկատեց, որ ընկերությունը պետք է րոպե առաջ օգտվեր ընձեռված հնարավորությունից, «հրաժարվեին իրենց համար, այսպես ասած, ծանր պայմանագրից»։

Փաշինյան․ – Էն, որ իրենք դա չեն արել, նշանակում է, որ պրոբլեմն այլ է։ Հիմա դուք շահել եք արդեն, մեքենաները կան, պարզ ա, բայց էս որոշման կայացումից հետո տեսականորեն հնարավոր է, որ դուք մեքենա չգտնեք։ Կա մեծ պոտենցիալ, որ իրավիճակն ավելի կվատանա առնվազն մինչև ձեր պատվիրած 24 մեքենաների տեղ հասնելը։ Արդյոք քաղաքապետարանը տիրապետում է մեխանիզմներին, որ եթե 24 չէ՝ 50 մեքենա եղավ իր տիրապետության ներքո, ոնց է կազմակերպելու աշխատանքը, որ խնդիրը լուծվի։

Մարության․ – Բնականաբար, սկզբից դժվարություններ են լինելու, որովհետև քաղաքապետարանն էս տիպի աղբահանություն չի իրականացրել։ Եղել են սանսեկտորներ, որոնց անձնակազմը մենք պետք է հավաքենք մեր շուրջը և սկսենք իրականացնել այս աղբահանությունը։ Չկա էստեղ՝ կարող ենք, թե չենք կարող։ Մենք պետք է դա անենք, ուրիշ տարբերակ չունենք։ Քանի որ այս ամենը կարող է գնալ դատական ճանապարհով, շատ փակագծեր չեմ կարող բացել, որպեսզի դա այնուհետև չօգտագործեն դատարանում մեր դեմ, բայց ամենահասարակ բանն այն է, որ, ենթադրենք, ընկերությունն ինքն իրեն ասում է՝ լավ, ես թերանում եմ, համաձայն եմ, ես գնացի։ Եվ ի՞նչ ենք անում մենք։

Նա նաև ասել է, որ «Սանիթեքը» չի կատարել իր ներդրումային պարտավորությունները․ պետք է ունենան այն քանակի մեքենաներ, որոնք կապահովեն Երևանի պատշաճ սպասարկումը, պետք է ունենան 8 հազար աղբաման, սակայն չունեն․ «Մոտ 5 հազարն ունեն, հիմա ավելի է քչացել, որոնցից, երևի, հազարն են նորմալ վիճակում։ Իրենց թերացումները մեծ են»։