Մարտի 26-ին Բաղրամյան պողոտայում վթարի ենթարկված և դրա հետևանքով ոտքի անդամահատում տարած «Սանիթեք» ընկերության աշխատակից Վոլոդյա Աճեմյանին ընկերության ներկայացուցիչները չեն այցելում և ոչնչով չեն օգնում։ Հավաքարարի աշխատանքի հույսով «Սանիթեք» դիմած Աճեմյանի դստերը՝ Ռուզաննային, հրաժարվում են ընդունել՝ պատճառաբանելով, թե նա ընկերության «սև ցուցակում է» հայտնվել։ Հայր ու դուստր պատրաստվում են բողոքել և դիմել դատարան ոչ միայն իրենց գործով, այլև «Սանիթեք»-ում կարգ ու կանոն հաստատելու նպատակով։
Ռուզաննան տարիներ շարունակ աշխատել է Երևանի աղբահանությամբ զբաղվող կազմակերպություններում, հետագայում նաև«Սանիթեք»-ում ՝ որպես հավաքարար։
««Սանիթեք»-ի բացման օրը ես ներկա եմ եղել։ Տարոն Մարգարյանը եկավ, ասաց 500 դոլարին համարժեք դրամ կստանաք, ամեն ինչը շատ լավ կլինի։ Բայց սկզբում 130 հազար էր, հետո 105 հազար դառավ, հիմա հասել է 70 հազարի․․․Էդ փողով դու կարո՞ղ ես 3 երեխա ունեցող ընտանիք պահել», -պատմում է Ռուզաննան։
Անցյալ տարի ամռանը Ռուզաննան և «Սանիթեք»-ի մի քանի աշխատողներ իրենց աշխատանքային ժամից հետո սկսել են աշխատել Երևանի շուկաներից մեկում որպես հավաքարար։ Այդ մասին տեղեկանալով՝ «Սանիթեք»-ի ներկայացուցիչները ստիպել են Ռուզաննային և մյուս կանանց աշխատանքից ազատման դիմումներ ստորագրել։
«Մի շաբաթ էր մտել էի շուկան, աշխատում էի, եկան, շուկայից մեզ վերցրին․․․ Մի հանցագործություն էի արել, մի հատ էլ նկարում էին հեռախոսով, եսիմ ինչ էին ասում, 500 դոլար էին տալիս, որ վերցնեմ, ասեմ հա էդ 500 դոլարը ստացա, մի տեղ կաշխատեմ․․․ Մեզ բերեցին, քցեցին մի սենյակ, դուռը բանալիով մեզ վրա փակեցին ժամերով, մի հատ էլ եկավ մի անմակարդակ ձևվով մեզ․․․ մի խոսքով աշխատանքից ազատեցին, 15 օրվա աշխատավարձը կտրեց, ասաց երկու ամսից կգաք, կաշխատեք, էլի ձեն չհանեցինք, ստորագրեցինք», – պատմում է Ռուզաննան։
Նրա խոսքով՝ ինքը չի իմացել, որ հանցագործություն է աշխատանքային ժամերից դուրս աշխատել․ «Ժամերի մեջ ես տեղավորվում էի, ամեն ինչ անում էի, հասցնում էի․․․ Բա՞նկ էր, ի՞նչ էր․․․ փո՞ղ էին տվել, ի՞նչ էին արել, որ ինձ սև ցուցակ էին գցել․․ Ես էլ չեմ հասկանում դա ինչ սև ցուցակ է»։
Ռուզաննային ասել են, որ կարող է երկու ամսից կրկին դիմի աշխատանքի համար, սակայն հետագայում էլ մերժում է ստացել՝ «սև ցուցակում» լինելու պատճառաբանությամբ։ Մերժում ստանալուց հետո ընկերությունում գործի է անցնում նրա հայրը՝ Վոլոդյա Աճեմյանը։ Ամիսներ անց վերջինս, իր խոսքով, ընկերության կողմից անվտանգության կանոնների չպահմանման հետևանքով վթարի է ենթարկվում, և այսօր անաշխատունակ է։
Ամիս ու կես է արդեն, ինչ Վոլոդյա Աճեմյանը հիվանդանոցում պառկած է։ Առողջական ապահովագրության դիմաց, Ռուզաննայի խոսքով, իրենց փոխանցվել է ընդամենը 1 միլիոն 800 հազար դրամ։ Հիվանդանոցում հոր սննդի ու դեղորայքի հարցն իրենք են լուծում։ Այսօր ընտանիքի միակ աշխատողը Ռուզաննայի ամուսինն է։ Վերջինս ստանում է 120 հազար դրամ․ դրանով ընտանիքը մի կերպ հոգում է 3 անչափահաս երեխաների հարցերը։
«Պապայի արյան փողը պակասում էր, զանգեցի «Սանիթեք», ասացի՝ 30 հազարով օգնենք, ասացին չենք կարող օգնել։ Մի հատ չեն ասում մեր աշխատողն է եղել, տեսնենք ողջ մնաց, մեռավ, ինչ եղավ։ Ոչ զանգ, ոչ գալ, ոչ մի բան, – Ռուզաննան գնացել է «Սանիթեք»-ի տնօրենի հետ հանդիպման, սակայն նրան թույլ չեն տվել մտնել, ֊ Ասացին՝ դու սև ցուցակում ես․․․ Էդ սև ցուցակում շատ մարդ կա, եթե ես իմ գործը բացեմ, շատ մարդ կգա իմ հետևին կկանգնի։ «Սանիթեք»-ն ինձ չի ընդունում, գործի չի տեղավորում։ Ինքն էլ Երևանի ամբողջ համայնքները վերցրել, գոնե կենտրոնը մենակ լիներ, կգնայի ուրիշ համայնքում կաշխատեի»։
Աճեմյանների խոսքով՝ իրենք բողոքելու են ոչ միայն իրենց, այլ նաև «Սանիթեք»-ի մյուս աշխատողների համար։
«Մեղք են ժողովուրդը, շարունակությունը չլինի, որ ուրիշ մեկը չհասնի հորս վիճակին։ Թող կարգուկանոն հաստատեն։ Ժամը 9-ից ժողովրդին գցում են փողոցները, ժամը 9-ից մինչև լուսաբաց աշխատանքի ժամ է դա՞։ Անկարգ ու անկանոն է իրանց աշխատանքը», – նշում է Ռուզաննան։
Վերջինս պատմել է նաև, որ այն ժամանակ կազմակերպությունը իր հետ պայմանագիր չի կնքել։ Իսկ հոր խոսքով՝ իրեն էլ թույլ չեն տվել անգամ ծանոթանալ պայմանագրի հետ։
«Պայմանագիրը այսպես է․ մոմենտ է գալիս, որ պայմանագիր չեն կնքում, իրենք քո տեղը վերցնում են, ստորագրում․․․ Շատ է եղել այդպիսի դեպքեր, հենց ինձ հետ է եղել, ես պայմանագիրը չեմ ստորագրել, գնացել եմ, պայմանագրի պատճենն եմ ուզել, իբր ինձ պետք է։ Գնացել, ասել եմ, բայց ես չեմ էլ ստորագրել, չեմ էլ ծանոթացել, ասել են՝ ծանոթանալն ինչի՞դ է պետք, ստորագրի, գնա», – ասել է Աճեմյանը։