Սեպտեմբերի 6-ին «Սանիթեք» աղբահանություն իրականացնող ընկերության գրասենյակ են ժամանել մի խումբ Երևանի բնակիչներ և լրագրողներ։ Պատճառը՝ ընկերության կողմից իր պարտականությունները չկատարելն է։ Ըստ ակցիայի մասնակիցների՝ փողոցներում հանդիպող գարշահոտությանն այլևս անհնար է դիմանալ։ Նրանցից մեկը գրասենյակ էր բերել իր երեխայի տակդիրները։
«Սանիթեք»-ի գործադիր տնօրենի օգնական Քրիստինա Հովհաննիսյանն անընդմեջ կրկնում էր, թե այս հանդիպումը նրանց ծրագրերի մեջ չէր մտնում, տնօրենը բացակայում է և բոլոր հարցերին կպատասխանի ասուլիսի ընթացքում, որը նա եկող շաբաթ կհրավիրի։
Լրագրողների այն դիտարկմանը, թե տնօրենը միշտ է բացակայում և նրանից պատասխան ստանալը գրեթե անհնար է, Հովհաննիսյանը հակադարձեց․ «Զբաղված մարդ է, չի կարող միշտ գրասենյակում նստած լինել»։
Այդ ընթացքում հավաքվածները նկատեցին, որ ճանճերի խնդիր կա նույնիսկ գրասենյակի տարածքում։ «Նորմա՞լ է, որ ձեզ էլ են խանգարում», – հարցրեց լրագրողներից մեկը։ «Ճանճերը նորություն չեն Երևանի համար։ Ես աննորմալ բան չեմ տեսնում։ Մեկ տարի լինում է, մյուս տարի՝ ոչ։ Ես մասնագետ չեմ էդ ոլորտում»։
Գրասենյակ ժամանածները ցանկացան իմանալ՝ ով է իրավասու խոսել և տալ մարդկանց հուզող հարցերի պատասխանները։ Պարզվեց, որ տնօրենն ինքն է ցանկանում շփվել լրագրողների հետ։
«Դուք ցրում եք՝ փոխանակ մեր հարցերին պատասխանեք», ֊ հակադարձեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Փորձելով գուշակել «Սանիթեք»-ի կողմից իր պարտականությունները չկատարելու պատճառը, լրագրողները հիշեցրեցին, որ ամիսներ առաջ տուգանվելուց հետո, իսկ տուգանքի չափը միլիոնավոր դրամների էր հասնում, ընկերությունն ասաց, թե կաշխատի բնականոն կերպով։ Բայց այժմ երևանցիները եկել են այն եզրահանգմանը, որ տուգանքը չաշխատեց։ Դրան ի պատասխան Հովհաննիսյանն ասաց, որ իրենք իրենց առօրյա գործն անում են։ Նա նաև բացառեց ենթադրությունն այն մասին, որ խնդիրները կապված են Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի հետ, որոնք ծագեցին դրանից անմիջապես հետո։
«Արդեն ասել ենք, որ նմանատիպ խնդիր ունեցել ենք նաև նախկինում։ Տեխնիկական է խնդիրը։ Բոլոր հարցերին տնօրենը կպատասխանի»։ Նաև չհաջողվեց պարզել, թե ինչո՞վ է զբաղված տնօրենը, եթե իր այս՝ հիմնական համարվող գործը, չի արվում։
Ինքը՝ Հովհաննիսյանը, բնակվում է Շենգավիթ վարչական շրջանում, որտեղ, նրա խոսքով, լավ վիճակ է․ «Շատ լավ վիճակ է իմ փողոցում»։
– Որովհետև «Սանիթեք»-ի աշխատակի՞ց եք։
– Ոչ֊ոք չգիտի՝ ես որտեղ եմ ապրում, դա ես նոր ասացի։
Հավաքվածների հարցերին պատասխանել էր խանգարում այն հանգամանքը, որ հանդիպումը նախապես ծրագրված չէր, ինչի մասին գործադիր տնօրենի օգնականը հիշեցնում էր գրեթե ամեն վայրկյան։
Ակցիայի մասնակիցները տոպրակով աղբ են բերել «Սանիթեք»-ի գրասենյակ։ Կենտրոն համայնքի բնակիչ, ակտիվ քաղաքացի ներկայացած Արուսիկ Մկրտչյանի խոսքով՝ փողոցներում տիրող խայտառակ իրավիճակը կարող է համաճարակի պատճառ դառնալ։ «Ընկերությունն է կրում պատասխանատվությունը։ Այն, փաստորեն, անգործության է մատնված։ Այսօր էսքան լրագրողների և քաղաքի բնակիչներին պատասխան չտվեցին։ Տնօրենն էլ գիտեր, որ այսօր գալու ենք։ Ստանդարտ տեքստեր են ասում, որ տնօրենն ունի իր գրաֆիկը։
Գոնե մինչև նոր տենդերը ցանկալի է, որ դուք մոբիլիզացնեք ձեր ուժերը, որովհետև սա արդեն անվտանգության հարց է։ Ձեզ վրա էլ են արդեն ճանճեր նստում։ Քաղաքում էլ մեզ վրա են նստում»։
Բնակիչը տեղեկացրեց, որ եթե հարցը չլուծվի, բողոքի ակցիաները շարունակվելու են։ Կան քաղաքացիների մեծ խմբեր, որոնք ևս կմիանան, նկատեց Մկրտչյանը։ Նա նաև ներկայացրեց իր կողմից բերված աղբով լի տոպրակի պարունակությունը․ «Երեխայի պամպերսներն են, միևնույնն է չէր տարվելու մեր բակից, դրա համար էլ այստեղ եմ բերել»։
«Ֆեյսբուք» սոցցանցում ստեղծված միջոցառման էջի մասնակիցները մտադիր են ամբողջ օրվա ընթացքում Երևանի տարբեր շրջաններից աղբը տեղափոխել գրասենյակի տարածք։