Home / Բանակ / Բանակային հերթական «ինքնասպանությանը» դաժան ծեծ է նախորդել

Բանակային հերթական «ինքնասպանությանը» դաժան ծեծ է նախորդել

Նոյեմբերի 15-ին Ճամբարակի զորամասում հրազենային վիրավորում էր ստացել 29-ամյա պայմանագրային զինծառայող, շարքային Գևորգ Ավետյանը։ Նոյեմբերի 16-ին Գևորգը մահացել էր։ Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե զինծառայողը, ըստ նախնական տվյալների, մահացել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով։

Գևորգի եղբայրը, սակայն, պնդում է, որ նրան սպանել են․ նրա մարմնի վրա բռնության բազմաթիվ հետքեր կան, մահը վրա է հասել 3 կրակոցներից։

«Ինչպե՞ս կարող է մարդն ինքն իրեն ծեծել՝ մարմնին բռնության հետքեր թողնելով, հետո երեք անգամ ինքն իրեն կրակել․․․

Ես հիվանդանոցի ընդունարանում եմ տեսել երեք կրակած տեղերը, արյունաքամ ինքը, կապտուկները։ Իրեն խփել են ինչ-որ ծանր բանով` ձախ աչքի վերևից, աչքի, ականջի մեջտեղի հատվածում, գլխի վրա, վզին կապտուկներ կային, թևին, արմունկին, ոտքին, մեջքին: Դիտավորյալ սպանություն է, դաժանաբար ծեծել, հետո սպանել են:

Ու շատ բարդակ է եղել` իր դիրքի ավագը տեղում չի եղել, դիրքը ավագը տեղում լիներ` այդքան բանը չէր լինի, դիրքի ավագն էն վախտ ա տեղում եղել, սկոռին հետևից բարձրացել է պոստ», – «Ազատության» հետ զրույցում պատմել է Գուրգեն Ավետյանը:

Զինծառայողի եղբայրը նշել է, որ Գևորգը խնդիրներ է ունեցել երկու ծառայակիցների հետ, նվաստացումների է ենթարկվել։ Տևական ժամանակ  նաև աշխատավարձ չի ստացել։

«Պնդում եմ, որ ինքն այդ փողը չի ստացել, ուրիշներն են ստացել, կամ ինքն ստացել է, ստիպել են, ձեռքից տարել են, էդ փողը մենք չենք տեսել:

Ինքը պովր է եղել, քնից հանել, ստիպել են, որ զարթնի, մեզ հաց տուր, մենք ուտենք, որ ճաշի ժամը չի: Պոստում եղել է բարդակ, քաղաքացիական անձինք հաճախակի բարձրացել են պոստ, կերել-խմել, իրեն հաց չեն տվել, որ ուտի, իրա փայ ճաշը շներն ու կատուներն են կերել, հանել, թափել են՝ Աղասի Սարիբեկյանը, Արտակ Ապրեսյանը։ Էդ երկուսի մասին է ասել, որ իրենց հետ է կոնֆլիկտ եղել․ զրուցել ենք, հարթվել է, գնացել: Փաստորեն՝ չի հարթվել:

Ինձ ասել է՝ ես էդ պոստից ընդհանրապես դժգոհ եմ, էս մի պոստին էլ բարձրանում եմ դիրքեր ու իջնեմ, տեղափոխվեմ ուրիշ դիրքեր, ես իրենց հետ չեմ ուզում ծառայել», – պատմել է եղբայրը:

Քննչական կոմիետում քրեական գործ է հարուցվել՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Մեղադրանք է առաջադրվել երկու զինծառայողի, երկուսն էլ ձերբակալվել են։ Եղբոր փոխանցմամբ՝ խոսքը հենց Աղասի Սարիբեկյանի և Արտակ Ապրեսյանի մասին է։ ՔԿ-ն հայտնել է, թե մեղադրյալներից մեկը պարբերաբար նվաստացրել է զինծառայողին, մյուս ձերբակալվածն էլ պայմանագրային զինծառայողի է ծեծի ենթարկել։

Գուրգեն Ավետյանը վստահ է՝ եղբայրն ինքնասպան չի եղել, նրան սպանել են։

Ի՞նչ է ասում պաշտոնականը

Մոտ մեկ ժամ առաջ ծավալուն պարզաբանում է հրապարակել գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Աբրահամյանի փոխանցմամբ՝ Գևորգ Ավետյանը, ըստ նախնական տվյալների, նոյեմբերի 15-ին՝ մարտական դիրքում արթուն հերթափոխի ժամանակ, իրեն ամրակցված «ԱԿ-74» ինքնաձիգիցից արձակված կրակոցների հետևանքով որովայնի շրջանում մահացու վիրավորումներ է ստացել։

Նույն օրը քրեական գործ է հարուցվել ՔՕ 365-րդ հոդվածի (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը)  3-րդ մասով, հաջորդ օրը նաև ՔՕ 360․1-րդ (Զինծառայողին վիրավորանք հասցնելը) հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 359-րդ հոդվածի (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում) 2-րդ մասի 2-րդ կետերով։

Նոյեմբերի 16-ին ձերբակալվել են Գևորգ Ավետյանի երկու ծառայակիցները:

Ըստ նախաքննության՝ նոյեմբերի 19-ին նրանցից մեկին՝ պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Ս.-ին, մեղադրանք է առաջադրվել ՔՕ 360․1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ մարտական հերթապահության ընթացքում, նույն գումարտակի պայմանագրային զինծառայող, շարքային Գ. Ավետյանի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու, նրա անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու, բռնություն գործադրելու միջոցով վերջինիս ինքնասպանության հասցնելու, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, նույն զորամասի պայմանագրային զինծառայողի ծեծի ենթարկելու, ֆիզիկական ցավ պատճառելու համար:

Իսկ մյուսին՝ պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Ա.-ին, նոյեմբերի 19-ին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ և 16-րդ հոդվածներով նախատեսված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու՝ մարտական հենակետում նույն զորամասի պայմանագրային զինծառայողի ծեծի ենթարկելու, ֆիզիկական ցավ պատճառելու համար։

Զինծառայողները կալանավորվել են:

«Քննությունը նոր է սկսվել, վարույթի ընթացքում անհրաժեշտ գործողությունների, քրեական հետապնդման համատեքստում իրականացված միջոցառումների ներկայացված պարզ ժամանակագրությունը պետք է հուշի, որ դրանք չէին կարող պայմանավորված լինել դեպքից շուրջ մեկ շաբաթ անց մամուլում տրած մեկնաբանություններով և կարծիքներով: Չկա ու չի կարող լինել դեպքը, հանցագործությունը կոծկելու որևէ միտում», – հավաստիացրել է Գլխավոր դատախազի խոսնակ Գոռ Աբրահամյանը։