2009 թվականին պաշտպանության նախարարության աշխատակիցները ընդամենը 4 և 2․5 միլիոն դրամով իրենց հետ փոխկապակցված մարդկանց են վաճառել Արարատի մարզում գտնվող նախկին զորամասի «հատուկ նշանակության» տարածքները, որոնք, ըստ օրենքի, վաճառքի ենթակա լինել չէին կարող` հաղորդել է Ոստիկանությունը։ Ապօրինությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 19 միլիոն 500 հազար դրամի վնաս։
«ՊՆ իրավասու պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ՊՆ հաշվեկշռում գտնվող, շուրջ 15 և 11 միլիոն դրամ շուկայական արժեքով, Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով քաղաքացիներին և իրավաբանական անձանց չփոխանցվող հողերի ցանկում ընդգրկված նախկին զորամասի «հատուկ նշանակության» տարբեր մակերեսներով տարածքները 2009 թվականի հունվարին 4 և 2 միլիոն 500 հազար դրամով ուղիղ վաճառքով օտարել են ՊՆ իրավասու պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց», – ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։
Հողամասի սեփականության իրավունքի վկայականները, ըստ կառույցի, հատկացվել են 2009 թվականի փետրվարին՝ կադաստրի կոմիտեի իրավասու պաշտոնյաների կողմից՝ «խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով Հողային օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները»։
Դեպքերի առթիվ հոկտեմբերի 22-ին ՔՈԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։