Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ռեկտորը հնդիկ ուսանողներից կաշառք է պահանջում ավարտական դիպլոմի դիմաց։
Մի քանի տասնյակ ուսանողները պնդում են՝ ռեկտորը դիպլոմները չի տալիս մինչև «հավելյալ չվճարեն»։ Բողոքող ուսանողներից մեկը «Ազատության» ռադիոկայանին տեսանյութ է տրամադրել, որտեղ երևում է՝ ինչպես է Լարիսա Համբարձումյանը հազար դոլար պահանջում։
Օրեր առաջ կրքերն այնքան էին շիկացել, որ կողմերը ոստիկանություն էին դիմել․ Կումար Սանդիփն ասում է, որ ռեկտորի որդին իրեն հարվածել է, իսկ վերջինս՝ որ Սանդիփը վնասել է իր մեքենան։ Ուսանողը տեսանյութը նաև ոստիկանությանն է տրամադրել՝ իրավապահներին պատմելով, որ հնդիկ ուսանողներից շատերն արդեն լքել են Հայաստանը՝ բժիշկի դիպլոմով, որովհետև տվել են ռեկտորի պահանջած գումարը։
Կումարին բուհ չթողնելու համար համալսարանի դռների մոտ անվտանգության աշխատակից էր կանգնել: Ոստիկանությունից հայտնել են, որ այս գործով նյութեր են նախապատրաստվում:
Ռեկտորի որդին՝ Տիգրան Բաղրամյանը, ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանել է խնդիրը՝ «Ես ոչ մեկի մատով չեմ կպել, եկել սկսել են հարվածել, ավտոն ջարդել, ես ուղղակի քշել եմ, գնացել եմ, էդքան բան»։
Մայրը, ըստ նրա, ուսանողներից կաշառք չի պահանջել, այն, ինչ պահանջել է՝ 1000 դոլարը, կաշառք չէ. – «Մենք ասացինք՝ գոնե սիմվոլիկ 1000 դոլարի չափով գումար հաշվեհամարին փոխանցեք, որ ձեզ գոնե սիմվոլիկ վճար լինի»:
Ըստ բուհի ռեկտորի որդու՝ հարյուրավոր ուսանողներ առանց դիպլոմի են մնացել մի քանի պատճառով՝ նախ, նրանց խաբել է հնդիկ գործակալը, ուսման տարեկան վարձը՝ երեք հազար դոլար՝ վերցրել է ուսանողներից ու բուհին չի փոխանցել, հենց նույն գործակալի միջոցով կեղծ դիպլոմներ են ստեղծվել։ Տիգրան Բաղրամյանը պնդում է՝ իրենք ստուգում են քննաթերթիկները, ուսանողի հաճախելիությունը ու պարզում, որ դիպլոմով եկածն ուսանող չի էլ եղել:
Կրիմինալ եք ու ֆեյք՝ լսել են ուսանողները ռեկտորից, հաճախ այս տեքստն ուղեկցվել է իրենց դիպլոմը՝ արդեն պարզ չէ՝ կեղծ թե իրական, պատռելու գործընթացով: Ուսանողներից շատերն իրենց այդ փաստաթղթի լուսանկարն ունեն, բայց ինքը չկա:
«Ինչպե՞ս է դիպլոմս ֆեյք, ով է կնքել, ստորագրել այն», – ասաց ուսանողներից մեկը:
Ուսանողներից Սահիլ Խանտիան ցույց է տալիս իր ժամանակավոր կացության քարտը՝ մի շաբաթ առաջ պետք է հեռացած լիներ Հայաստանից, բայց չի կարող գնալ: Մեկ ամսից որակավորման քննության ենք Հնդկաստանում՝ հուսահատվում է Սյուբամ Քարփը. – «Մենք դիպլոմի համար ենք էստեղ, 4 ամիս առաջ պիտի ավարտած լինեինք, դիպլոմին ու հավելվածին ենք սպասում»:
«Ես տարեկան երեք հազար դոլարը վճարել եմ, դասերին եկել եմ՝ ինչո՞ւ եմ ֆեյք ու կրիմինալ», – հարցնում է Սվեիդ Կարիապարամբիլը։ Նրա խոսքով՝ որոշ ուսանողներ, իսկապես, դիպլոմ են ստանում առանց Հայաստան գալու՝ հավանաբար, գործակալների միջոցով, սակայն «մենք ենք ընկնում պատմության մեջ»:
Համալսարանը քրեական լրահոսում առաջին անգամ չէ, որ հայտնվում է՝ 4 տարի առաջ էլ ռեկտոր Համբարձումյանը մեղադրյալի կարգավիճակում էր, քանի որ բժշկի դիպլոմներ էր բաժանել դասերի չհաճախած մարդկանց։ Գործն այն ժամանակ ավարտվեց 300 հազար դրամի տուգանքով:
Հնդիկ ուսանողները պատմում են, որ կրթության որակն էլ այն չէ՝ ընդամենը 4 լսարան ունեն՝ հարյուրավոր բժիշկ դառնալ ցանկացողների համար:
Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը լիցենզիա է ստացել կրթական գերատեսչությունից։ Ո՞վ է վերահսկում այստեղ կրթական որակը կամ լիցենզիայից բխող պայմանների առկայությունը։ Ըստ լիցենզավորման գործակալության պետի՝ ոչ ոք:
«Բուհական համակարգի վերահսկողությունը տեսչական մարմնի գործառույթներից դուրս է մնացել, հիմա հարցը քննարկվել է և օրենսդրական փոփոխություններ կլինեն և կարծում եմ, որ առաջիկայում նաև այս մասով լուծումներ կտրվեն», – ընդգծեց ԿԳՄՍՆ լիցենզավորման գործակալության պետ Աշոտ Արշակյանը:
Բժիշկներ պատրաստող բուհը լիցենզիան ստանալուց հետո՝ տասնամյակներով որևէ կերպ չի վերահսկվել՝ նույնիսկ աղմկոտ քրեական պատմություններից հետո։ Երեք տարի առաջ նմանատիպ սկանդալ եղավ, Իսրայելում 40 արաբ բժիշկներ ձերբակալվեցին․ նրանք սովորել էին հայկական մասնավոր բժշկական բուհերում, այդ թվում՝ Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում։ Իսրայելը այդ ժամանակ հայկական բժշկական կրթությունն անվստահելի որակեց։
Այսօր շուրջ 600 հնդիկ ուսանող է սովորում Երևանի պետական բժշկական համալսարանում, և օտարերկրացիների ուսուցման դեկան Գայանե Ավետիսյանի կարծիքով՝ նմանատիպ պատմությունները վտանգում են երկրի հեղինակությունը՝ որպես բժշկական կրթություն արտահանողի:
Գայանե Ավետիսյանը շեշտում է՝ իսրայելցի ուսանողների պատմությունը իրենց բուհի հետ կապ չուներ, բայց հետևանք եղավ այն, որ այսօր բուհը, որ սովորող ունի 34 երկրից, ոչ մի ուսանող չունի Իսրայելից։