Հայաստանը կարող է Ռուսաստանին արտահանձնել Չեչնիայից փախուստի դիմած Սալման Մուկաևին։ Գրոզնիի ոստիկանական բաժանմունքում խոշտանգվելու ընթացքում Մուկաևը համաձայնել է բեմադրված ժամադրությունների հրավիրել տղամարդկանց և հանձնել նրանց ոստիկաններին։ Հետո փախուստի է դիմել։ Իրավապաշտպանների օգնությամբ նա լքել է Չեչնիան և հայտնվել Հայաստանում, որտեղից պետք է տեղափոխվեր երրորդ երկիր․․․ Հայաստանի սահմանին նրա ելքը արգելվել է։
Սալման Մուկաևը 39 տարեկան է։ Մինչև վերջերս՝ ապրում էր Գրոզնիում, աշխատում «Գլորիա Ջինսում»։ Ամուսնացած էր։ Երկուսուկես տարի առաջ գրանցվել է ծանոթությունների կայքում (կեղծ անունով)։ Նամակագրվել է կանանց հետ, երկու անգամ՝ ժամադրությունների գնացել, ևս երկու անգամ՝ անձնական լուսանկարներ և հեռախոսահամար ուղարկել։
Թե ինչ է տեղի ունեցել հետո՝ ներկայացված է Մուկաևի՝ Քննչական կոմիտեին 2020-ի դեկտեմբերին հասցեագրված դիմումի մեջ։ Դիմումի բովանդակությունը վերապատմել է «Новая газета»-ն՝ հոկտեմբերի 24-ի իր ծավալուն նյութում։
— Անցյալ տարվա հունվարին Մուկաևին է զանգահարել «Գրոզնի քաղաքի ոստիկանության Լենինսկի բաժնի աշխատակիցը, որը ներկայացել է որպես Մագոմեդով»։ «Մագոմեդովն» ասել է, թե նրա հեռախոսահամարից «մեքենայություններ» են արվել և խնդրել մոտենալ բաժին։ Սալմանը համաձայնել է, հետո կասկածել և դադարել պատասխանել զանգերին։ Ոստիկանները նրան փնտրել են կնոջ և կնոջ բարեկամների միջոցով։ Փետրվարի 13-ին գտել են։
Արդեն բաժնում Սալմանին ցույց են տվել կանանց հետ նրա նամակագրություններից մեկի սքրինշոթը և հայտարարել, թե նա գեյ է։ Մուկաևին ծնկի են իջեցրել, հարվածել ոտքերով, հետո՝ նստացրել աթոռին, խեղդել։ Սկզբում արմունկով, հետո՝ տոպրակով։
Երբեմն թույլ են տվել շունչ քաշել։ Ծեծված տղամարդու ինչ-որ նկար են ցույց տվել․ «Հանդիպե՞լ ես նրա հետ»։ Ոտքերն ու ձեռքերը հետ են տարել, սկոտչով կապել, ճկույթներին լարեր միացրել։ Աշխատակիցներից մեկը սկսել է պտտել հեռախոսասարքի՝ «շագանակագույն, ասես լաքապատ» բռնակը, որին միացված էին լարերը։
Երբ աշխատակիցը հոգնել է պտտել, նրան փոխարինել է գործընկերը։ Հոսանքով խոշտանգումը տևել է ավելի քան երկու ժամ։ Հետո հեռախոսը փչացել է։
Սկսել են խփել՝ գլխով հատակին։
Ոստիկաններին հիմնականում հետաքրքրել է, թե գեյերից ում է ճանաչում Սալմանը։ Կանանց հետ նամակագրություններից մեկում Սալմանը երևակայել է, թե սաունա է գնացած եղել տղամարդկանց հետ։ Ուժայինները սրանից եզրակացրել են, որ Սալմանը գեյ է։
Ոստիկանները ստուգել են նրա հեռախոսում պահպանված բոլոր համարները։ Վերջապես որոշել են գնալ նրա ընկերոջ՝ Խասանբեկի տուն։ Սալմանին հետներն են տարել։ Խասանբեկին հանել են շքամուտքից, նա փորձել է փախչել։ Հետապնդել ու բռնել են։
«Հարցաքննությունը» բաժնում շարունակվել է։
Խոշտանգումներին վերջ տալու համար՝ Սալմանն ասել է, թե Խասանբեկի հետ է եղել։ Ոստիկանները մանրամասներ են պահանջել՝ տեսախցիկի առջև։ Սալմանը հորինել է, թե նրանք միասին են եղել 8 անգամ։ Ավել բան մտքին չի եկել։
Սկսել են խոշտանգել Խասանբեկին։ Սալմանին տարել են խուց։
Հաջորդ օրը հետ են բերել։ Հոսանքով կտտանքները շարունակվել են։ Նաև մտրակել են՝ պոլիպրոպիլենից խողովակով։
Մյուս օրը խոշտանգումներ չեն եղել։
Արդեն հաջորդ օրը Սալմանին տարել են Ռամզան Կադիրովի դիմանկարով մի աշխատասենյակ։ Սպիտակած մազերով տղամարդը, որը քննիչ է ներկայացել, Սալմանին ասել է, որ նրան պայմանական կտան՝ փամփուշտներ պահելու համար։ Եվս մեկ օր հետո նույն քննիչը Սալմանին ավտոմատի ժանգոտած փողակ է ցույց տվել և պատմել՝ կոնկրետ ինչ է պետք ասել դատարանում։ Իբր թե փողակը Սալմանն Իպոդրոմնի փողոցում է գտել, պահել է տանը, ոստիկաններն էլ խուզարկության ժամանակ այն գտել են։
Նրան նաև դատարկ թղթեր են տվել, որոնք պետք էր ստորագրել։ Սալմանը ստորագրել է։
Ոստիկանները այնուհետև պահանջել են հոր կողմից բարեկամների հեռախոսահամարները։ Սալմանը ենթարկվել է։ Եկել են հորեղբայրը և հորեղբոր տղան։ Ոստիկանները նրանց ասել են, թե Սալմանը տղամարդկանց հետ է քնում։
Մյուս օրը Սալմանին բաց են թողել։
Իսկ դրանից առաջ․․․ նրան տարել են բաժնի չորրորդ հարկում գտնվող մի աշխատասենյակ։ Ներկա է եղել Սալմանին կտտանքների ընթացքում «հարցաքննած» ոստիկաններից մեկը և մի մարդ շագանակագույն վերարկուով։ Եթե Սալմանն իրենց օգնի, նրան ձեռք չեն տա, ասել է վերարկուով մարդը։
Հարկավոր էր, որ Սալմանը կեղծ ժամադրությունների հրավիրի տղամարդկանց և հանձնի ոստիկաններին։ Չեչեն գեյերի հեռախոսահամարներն ու անուններն էլ են «աժեքավոր տեղեկություն»։ Սպառնացել են՝ եթե որևէ մեկին պատմի այս զրույցի մասին՝ կսպանեն։ Գրիչ ու թուղթ են տվել, թելադրել «կամավոր համագործակցության մասին» տեքստը։ Նաև կեղծանուն են տվել՝ «Խաչիկ»։ Վերջում վերարկուով տղամարդը ներկայացել է՝ դաշնային անվտանգության ծառայության (ФСБ) աշխատակից։
Երբ Սալմանին տուն տանելուց են եղել, աշխատակիցը նստել է նրա մեքենան, հարկադրել փոխել իմիջն ու մորուք աճեցնել։ Խոստացել է վերադարձնել նրա սմարթֆոնը՝ տղամարդկանց կպցնելու համար։
Տուն հասնելուն պես Սալմանը փախուստի է դիմել։ Սկզբում հանրապետությունից, հետո՝ երկրից։
Արդեն փախչելիս՝ դիմել է նաև վնասվածքաբանական բաժին․ բժիշկները ֆիքսել են մատներին մաշկի բացակայությունը՝ այնտեղ, որտեղ ճկույթներին են կպել հոսանքալարերը, նաև «գլխի փափուկ հյուսվածքների վնասվածք, այտուց ծոծրակի շրջանում․․․»։
Սալմանին օգնել է ԼԳԲՏ-ցանցը (ЛГБТ-сеть): Կազմակերպությունը հիմա այլ անվանում ունի՝ «Հյուսիսային Կովկաս SOS» («Северный Кавказ SOS»), հնարավորությունների սահմաններում աջակցում է Չեչնիայում նույնասեռական կամ որպես նույնասեռական իդենտիֆիկացվող մարդկանց․․․
Այժմ Սալմանը Հայաստանում է։ Սեպտեմբերի 8-ին նա պետք է գնար Եվրոպա – երկիր, որը պատրաստ էր նրան ապաստան տրամադրել։ Բայց Հայաստանի սահմանին՝ անձնագրային հսկողության կետում, նրան կանգնեցրել են։ Ոստիկանները հարցրել են՝ արդյո՞ք նա խնդիրներ ունի Ռուսաստանում։ Սալմանը պատմել է։ Ոստիկանները պատասխանել են, որ նրա նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել, ուստի՝ նա չի կարող հատել սահմանը։
Ռուսաստանի ՆԳՆ կայքը, ըստ «Новая газета»-ի, հաստատել է տեղեկությունը։ Սալմանի նկատմամբ իսկապես հետախուզում է հայտարարված։ Թերթը հրապարակել է ՆԳՆ փաստաթուղթը։ Գրված է՝ «Հետախուզվում է ՔՕ հոդվածով»։ Թե ի՞նչ հոդվածով՝ պարզ չէ։
Փաստաբանը պարբերականի լրագրող Ելենա Կոստյուչենկոյին պատմել է, որ Սալմանի նկատմամբ Չեչնիայում քրեական գործ է հարուցվել՝ ՔՕ 222 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենքի, ռազմամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Քրգործը հարուցվել է մարտի 9-ին (դրանից 17 օր առաջ Սալմանը ստորագրել էր «կամավոր համագործակցության համաձայնագիրը» և անհետացել)։
Իսկ ի՞նչ է տեղի ունեցել նրա՝ Քննչական կոմիտե ուղարկված դիմումի հետ։
Փաստաբանը («Новая газета»-ին խնդրել է ազգանուն չնշել․ «սա միակ գործը չէ, որը ես վարում եմ Հանրապետությունում», «վախենում եմ» ) բացատրել է․
Սալմանի դիմումը Չեչնիայի քննչական կոմիտեից փոխանցել են Զավոդսկոյ շրջանի բաժին, որտեղից այն հետ է ուղարկվել․․․ Փաստաթղթերն այնուհետև «կորել են»։
Հայտնաբերվել են հոկտեմբերի 22-ին, երբ դատավարական վերահսկողության բաժնի աշխատակիցը՝ փաստաբանին ապրումակցելով, խաբել է գործընկերներին, իբր թե քրգործը Մոսկվայի հսկողության տակ է առնվել։
Սրա շնորհիվ է, որ փաստաբանն առաջին անգամ հնարավորություն է ստացել ծանոթանալ իր պաշտպանյալի ներկայացրած բողոքի հետ։ Սալմանին խոշտանգած, նրա կյանքը կործանած ոստիկանների և անվտանգության ծառայության աշխատակիցների նկատմամբ որևէ քրեական գործ, իհարկե, չի հարուցվել։ Չեչեն ոստիկանների դեմ դիմումը քննիչները «խնդրագիր» են վերանվանել և փոխանցել նույն չեչեն ոստիկաններին՝ հանրապետական ՆԳՆ։
Ուղեկցող գրառման մեջ, ըստ «Новая газета»-ի, Չեչնիայի Հանրապետության ՔԿ-ի քննչական վարչության ղեկավարի տեղակալ Սիրոտինը այսպես է ձևակերպել նյութերի առարկան՝ «ոչ իրավաչափ գործողություններ՝ Չեչնիայի Հանրապետության ԼԳԲՏ ներկայացուցչի նկատմամբ»։ Հավանաբար, Չեչնիայի քննիչների կարծում են, թե խոշտանգումները սեռական կողմնորոշում են ապացուցում՝ ենթադրում է պարբերականը։
Սալմանի փաստաբանն էլ ընդգծում է՝ տեղի ունեցածի մեջ արտառոց ոչինչ չկա։ Բացառիկ չեն ո՛չ խոշտանգումները, ո՛չ էլ հայտարարված հետախուզումը։
«Միշտ էլ հետախուզում են հայտարարում, երբ խոշտանգումներից հետո մարդը փախնում է Չեչնիայից։ Ոստիկանությունը նրան որոնում է և վերադարձնում․․․»։
Արդյո՞ք Հայաստանը Սալմանին կարտահանձնի չեչեն ոստիկաններին: Երբ արգելել են հատել սահմանը, Սալմաը Հայաստանից ապաստան է հայցել։ Հայաստանն այժմ քննում է հարցը։ Պատասխանը հայտնի կլինի երկու ամիս հետո։
Կոնկրետ որ եվրոպական երկիրն էր համաձայնել ընդունել Մուկաևին՝ «Новая газета»-ն չի նշում։ Լրագրողին խնդրել են չբացահայտել այդ տեղեկությունը․ հրապարակայնությունը, ըստ նրա, կարող է վտանգել մարդկանց, որոնք նույն երկրից փրկություն են ակնկալում։ «Այդ երկիրը, այնուամենայնիվ, պատրաստ է ապաստան տրամադրել Սալմանին, բայց պատրաստ չէ բանակցել Հայաստանի հետ։ Ինչո՞ւ։ Գուցե որովհետև Սալմանի կյանքը չափազանց անկարևոր է՝ նման մակարդակի բանակցություններ վարելու համար»։