Բացահայտվել են ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքեր, հայտնում է ԱԱԾ-ն:
Հաղորդագրության համաձայն՝ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության Լոռու բաժնի պետը, նախնական համաձայնության գալով իր անմիջական ենթակայությամբ գործող օպերլիազորների հետ, մայիս-հունիս ամիսներին 1 900 000 դրամ են ստացել Լոռիում գրանցված 4 տնտեսվարող սուբյեկտներից՝ հարկային օրենսդրության ոլորտում թույլ տրված տարատեսակ խախտումները չարձանագրելու և մեղավորներին վարչական պատասխանատվության չենթարկելու, ստուգման ընթացքում ի հայտ եկած խախտումները չարձանագրելու համար: Կաշառքը ՊԵԿ պաշտոնյաները բաժանել են միմյանց միջև:
Դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում հիշյալ հարկային ծառայողները, ինչպես նաև նրանց կաշառք տված տնտեսվարողները հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել են:
Պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Կալանավորվել է նաև պաշտոնատար անձանց 1 միլիոն դրամ կաշառք տված ընկերության տնօրենը, իսկ կաշառք տված մյուս մարդկանց նկատմամբ կիրառվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ: