Կառավարական հանձնաժողովի որոշմամբ՝ գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ն, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում:
Այս մասին քիչ առաջ հաղորդել են վարչապետի աշխատակազմից։
Վանո Սիրադեղյանի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում՝ ժամը 12:00-ին: Սգո թափորն Օպերային թատրոնի շենքի մոտից Կոթի կշարժվի դեկտեմբերի 4- ին՝ առավոտյան 8:00-ին։
Հայաստանի պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս Վանո Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին՝ 75 տարեկան հասակում։
5 օր անց՝ հոկտեմբերի 20-ին, կառավարությունից հավաստիացրել էին, որ նրա հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով հանձնաժողով կստեղծեն։ Սիրադեղյանի մահվանից արդեն 40 օր է անցել։
Ավելի վաղ նրա կինը՝ Ռուզան Տոնոյանը, շնորհակալություն էր հայտնել կառավարությանը՝ «աճյունը Հայաստան տեղափոխելու անկեղծ ջանքեր գործադրելու համար», և տեղեկացրել, որ «Վանո Սիրադեղյանի «ծանր վերադարձը» Հայաստան» կիրականացնի ինքը։ Այս հայտարարությանից հետո Նիկոլ Փաշինյանի այցելել էր Սիրադեղյանի ընտանիքին․․․
Վանո Սիրադեղյանը երրորդ հանրապետության հիմնադիրներից է, «Ղարաբաղ» կոմիտեի, ՀՀՇ-ի հիմնադիր և ղեկավար անդամ: Հայաստանի անկախության առաջին տասնամյակում եղել է Ներքին գործերի նախարար, Երևանի քաղաքապետ, ՀՀՇ վարչության նախագահ:
1998 թվականի հեղաշրջումից և Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության գալուց ամիսներ անց Սիրադեղյանի նկատմամբ քրգործեր են հարուցվել մի շարք ծանր հոդվածներով, այդ թվում՝ հանցակցություն դիտավորյալ սպանությանը, բանդիտիզմ, կաշառառություն։ 1999 թվականի մայիսին նա ձերբակալվել է, ապա՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակվել: 2000-ի ապրիլին Ազգային ժողովը զրկել է նրան անձեռնմխելիությունից և բավարարել նրան կալանավորելու մասին Դատախազության միջնորդությունը։ Սիրադեղյանը դիմել է փախուստի։ Մինչ այժմ նա հետախուզման մեջ էր։ Որտեղ էր ապրում վերջին տասնամյակներին՝ ստույգ հայտնի չէ։
Հայաստանը լքելուց հետո՝ 2000-ականներից մինչեւ 2012 թվականը, Սիրադեղյանն «Ավետիս Հարությունյան» կեղծանունով հրապարակախոսական հոդվածներ է տպել «Հայկական ժամանակ» օրաթերթում, որոնք հետագայում վերածվել են «Գյադաների ժամանակը» տպագիր գրքի։ 2012-ից ի վեր նա որևէ հանրային ակտիվություն այլևս չի ցուցաբերել։