Նիկոլ Փաշինյանը նախօրեին այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքին, «ցավակցություն հայտնել» և «իր զորակցությունը փոխանցել»՝ հաղորդում է վարչապետի աշխատակազմը։
Հայաստանի պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս Վանո Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին՝ 75 տարեկան հասակում։
5 օր անց՝ հոկտեմբերի 20-ին, կառավարությունից հավաստիացրել են՝ նրա հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով հանձնաժողով կստեղծեն։ Մահվանից տասը օր է անցել։ Ինչ որոշում է կայացրել կառավարական հանձնաժողովը՝ առ այժմ հայտնի չէ։
Սիրադեղյանի ընկերներից Խաչատուր Սուքիասյանը («Գռզո»)՝ խոշոր գործարար, այժմ՝ նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, պարզաբանել է՝ Սիրադեղյանն արտասահմանում այլ անունով է ապրել, տեղափոխման հետ կապված տեխնիկական, իրավական խնդիրներ են առաջացել. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վանո Սիրադեղյանը եղել է հետախուզման մեջ, Վանո Սիրադեղյանն իր անունով չի գործել այս կամ այն երկրում: Եվ այսօր բարդություններ կան… Տեխնիկական, իրավական խնդիր կա»։
Օրեր առաջ՝ հոկտեմբերի 22-ին, Սիրադեղյանի կինը՝ Ռուզան Տոնոյանը, շնորհակալություն է հայտնել կառավարությանը՝ «աճյունը Հայաստան տեղափոխելու անկեղծ ջանքեր գործադրելու համար», և տեղեկացրել․ «Վանո Սիրադեղյանի «ծանր վերադարձը» Հայաստան կիրականացնեմ ես։ Խնդրում եմ զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից և շահարկումներից»:
Վանո Սիրադեղյանը երրորդ հանրապետության հիմնադիրներից է, «Ղարաբաղ» կոմիտեի, ՀՀՇ-ի հիմնադիր և ղեկավար անդամ: Հայաստանի անկախության առաջին տասնամյակում եղել է Ներքին գործերի նախարար, Երևանի քաղաքապետ, ՀՀՇ վարչության նախագահ:
1998 թվականի հեղաշրջումից և Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության գալուց ամիսներ անց Սիրադեղյանի նկատմամբ քրգործեր են հարուցվել մի շարք ծանր հոդվածներով, այդ թվում՝ հանցակցություն դիտավորյալ սպանություն, բանդիտիզմ, կաշառառություն։ 1999 թվականի մայիսին նա ձերբակալվել է, ապա՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակվել: 2000-ի ապրիլին Ազգային ժողովը զրկել է նրան անձեռնմխելիությունից և բավարարել նրան կալանավորելու Դատախազության միջնորդությունը։ Սիրադեղյանը դիմել է փախուստի։ Մինչ այժմ նա հետախուզման մեջ էր։ Որտեղ էր ապրում վերջին տասնամյակներին՝ ստույգ հայտնի չէւ։
Հայաստանը լքելուց հետո՝ 2000-ականներից մինչեւ 2012 թվականը, Սիրադեղյանն «Ավետիս Հարությունյան» կեղծանունով հրապարակախոսական հոդվածներ է տպել «Հայկական ժամանակ» օրաթերթում, որոնք հետագայում վերածվել են «Գյադաների ժամանակը» տպագիր գրքի։ 2012-ից ի վեր նա որևէ հանրային ակտիվություն չի ցուցաբերել։