Յանդեքս տաքսի կանչեցի։ Ծրագիրը պատվերս ընդունեց ու տեսա, որ մեքենայի համարները պետական են՝ սկսվում են երեք, ոչ թե սովորական մեքենաների նման երկու թվով։ Լարվեցի, մտածում էի՝ մատրիցայում խափանում է տեղի ունեցել։ Մտքովս ինչ ասես չանցավ։
Մեքենան մոտեցավ։ Յանդեքսի լոգոյով մեքենաներից էր։ Նստեցի։ Վարորդը ոստիկանական համազգեստով էր։ Դեռ չէի հասկանում՝ ինչ է կատարվում։ Համակերպվեցի իրավիճակի հետ, որոշեցի ասել՝ ուր եմ գնում։
Հասանք մի խաչմերուկի մոտ, որտեղից երթուղին կարելի էր շարունակել երկու ճանապարհով։ Սովորաբար այդտեղ վարորդներն ինձ հարցնում են՝ ո՞ր մեկն ընտրեն։ Ես էլ պատասխանում եմ, թե առաջին ճանապարհին «պառկած ոստիկաններ» կան, երկրորդն ավելի լավն է։ Այս անգամ էլ նույն հարցը ստացա ոստիկան-վարորդից ու շատ մոտ էի մշտական պատասխանը տալու։
Բարեբախտաբար, չհիշատակեցի նրա «պառկած գործընկերոջը», իսկ այժմ մտածում եմ․ տեսնես այդ դեպքում ո՞նց պետք է ավարտվեր իմ երթևեկությունը։
Ավելի ուշ ընկերներով եզրակացրինք, որ ոստիկանը հավանաբար փորձում է կողմնակի վաստակ ապահովել՝ գործից առաջ կամ ընթացքում տաքսի քշելով։
Ա. Ղ.