Դպրոցներին ուղարկվել են 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի գնահատման նոր մեթոդի ցուցումները, հայտնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Տարրական դպրոցում միավորային գնահատման համակարգ չի գործելու։ Այս մեթոդը դեռ Տավուշի դպրոցներում է փորձարկվում, այնուհետև կիրառվելու է բոլոր դպրոցներում։
Դուրս է եկել կիսամյակային գրավորը։ Կիսամյակի հաշվարկն իրականացվելու է կիսամյակի ընթացքում ստացած բոլոր գնահատականների միջինով՝ առանց որևէ գնահատականի ավելի մեծ կշիռ տալու։
Կիսամյակի միավորային գնահատումն իրականացվելու է բանավոր հարցման, գործնական աշխատանքի, նախագծային աշխատանքի, թեմատիկ աշխատանքների, ամփոփիչ աշխատանքի (բացառիկ դեպքերում) միջոցով։
Դպրոցներին տրվել է նաև որոշակի ինքնավարություն։ Մեկ կիսամյակում բանավոր հարցման, գործնական, նախագծային և թեմատիկ աշխատանքների քանակը որոշելու է ուսումնական հաստատությունը: «Արվեստ», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Ֆիզիկական կուլտուրա», «ՆԶՊ», «Տեխնոլոգիա» և «Հասարակագիտություն», «Գրականություն», «Պատմություն» առարկաների դեպքում թեմատիկ աշխատանքները կարող են իրականացվել նաև գործնական կամ նախագծային աշխատանքի ձևով։
Ըստ նախարարի,
— Թեմատիկ աշխատանքները պետք է իրականացվեն գրավոր, եթե վերոհիշյալ առարկաներով գրավոր ու գործնական կամ նախագծային աշխատանք անելը հնարավոր չի, թեմատիկ աշխատանքները կարող են իրականացվել բանավոր՝ աշխատանքի ամբողջ ընթացքը տեսաձայնագրելու պայմանով:
— Լաբորատորիաների առկայության դեպքում բնագիտական առարկաների գործնական աշխատանքները կարող են ներառել նաև փորձարարական բաղադրիչ՝ հիմնվելով հաստատության առարկայական մասնախմբի եզրակացության վրա, մանկավարժական խորհրդի որոշմամբ։
Աշակերտի կիսամյակային գնահատականը բոլոր առարկաներից ձևավորվում է հետևյալ կերպ.
1. որոշվում է կիսամյակի ընթացքում միավորային գնահատման բոլոր տեսակներից աշակերտի ստացած գնահատականների միջին թվաբանականը և այն մոտարկվում է ամբողջ թվով:
2. Ստացված ամբողջ թիվը կլինի աշակերտի կիսամյակային գնահատականը:
3. Եթե 12-րդ դասարանում տվյալ ուսումնական առարկայի ուսումնասիրությունն ավարտվում է 1-ին կիսամյակում, ապա այդ առարկայի տարեկան գնահատական համարվում է առաջին կիսամյակի կիսամյակային գնահատականը:
4. Սովորողի տարեկան գնահատականը նրա ստացած երկու կիսամյակային գնահատականների միջին թվաբանականն է: Եթե ստացվածն ամբողջ թիվ չէ, ապա այն մոտարկվում է ամբողջ թվով։
Գործնական և թեմատիկ աշխատանքից բացակայած սովորողն այն կարող է հանձնել մինչև տվյալ կիսամյակի ամփոփումը: Հանձնած աշխատանքի թվանշանը նշանակվում է հանձնման օրը: Եթե աշակերտը չի հանձնել թեմատիկ և գործնական աշխատանքների առնվազն կեսը, ապա մինչ կիսամյակի ավարտը հանձնում է ամփոփիչ աշխատանք բաց թողած թեմաների մասով և նրա կիսամյակային գնահատականը ձևավորվում է գնահատման բոլոր տեսակներից ստացած գնահատականների միջին թվաբանականով, որը մոտարկվում է ամբողջ թվով: Ամփոփիչ աշխատանքից բացակայելու դեպքում այն գնահատվում է «0» միավոր:
Հիշեցնենք, որ 2021թ․-ի փետրվարին հանրակրթության նոր չափորոշչի մասին փոփոխությունների ծրագիրը հաստատվել էր կառավարության կողմից։ Չափորոշչի դրույթներն ութն են․ դրանք ամբողջապես վերափոխում են կրթական պրոցեսի տրամաբանությունը՝ առարկայացանկից և դասաժամերից սկսած՝ դասավանդման մեթոդներով, գնահատման համակարգով ավարտված։