Ադրբեջանը հայկական կողմին է վերադարձրել ևս 8 գերիների, հաղորդել է երկրի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։ Օդանավն արդեն վայրէջք է կատարել Երևանում։
Նրանց մի մասը գերեվարվել էին նոյեմբերի 16-ի սահմանային բախումների ժամանակ։
Գերիները, ըստ Բաքվի հաղորդման, վերադարձվել են Ղարաբաղյան առաջին պատերազմում զոհված ադրբեջանցիների և նրանց եղբայրական գերեզմանների մասին տեղեկատվության դիմաց։
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել փետրվարի 4-ի տեսակոնֆերանսի ժամանակ, որին մասնակցում էին Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարներն ու Եվրոպական խորհրդի նախագահը։
Գերիների վերադարձի լուրը հաստատել է նաև Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը․ «Քիչ հետո տղաները կանցնեն բժշկական հետազոտություն և կապ կհաստատեմ նաև ընտանիքի անդամների հետ», – գրել է պաշտոնյան։
թարմացում․ – 13։55 – Պաշտոնական Երևանը հաստատել է Ադրբեջանից 8 գերիների վերադարձի փաստը՝ հրապարակելով նրանց անուն-ազգանունները․ Տարզյան Սարգիս, Բալայան Վարդգես, Պետրոսյան Արմեն, Բաբայան Արթուր, Սարգսյան Հմայակ, Գալոյան Գուրգեն, Կյուրեղյան Գրիգոր, Մալոյան Վաղարշակ։
Հայաստանի ԱԳՆ-ն շեշտում է՝ ռազմագերիների վերադարձը հայրենիք տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով։
Ադրբեջանը մինչ օրս Հայաստանին է վերադարձրել 147 գերիների։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Բաքվում այս պահին պահվում է շուրջ 40 հայ գերի։
2021-ի նոյեմբերի 16-ին բախումներ էին սկսվել հայ-ադրբեջանական սահմանին։ Մոտ վեց ժամ շարունակված մարտերը դադարեցվեցին ռուսական կողմի միջնորդությամբ։ Հայկական կողմի «նախնական տեղեկություններով»՝ բախումների ժամանակ 32 զինծառայող է գերեվարվել, կա հաստատված 6 զոհ։ Գերեվարված զինվորներից մեկին Ադրբեջանը վերադարձրել էր նոյեմբերի 26-ին՝ Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումից ժամեր առաջ, ևս 10-ին՝ դեկտեմբերի 4-ին։
44-օրյա պատերազմից հետո Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում գերեվարված 62 շիրակցի զինծառայողներից վերջին տվյալներով մեկ տարվա ընթացքում միայն 29-ն էր Բաքվից վերադարձվել Հայաստան։