Home / Հայաստան / Չենք ուզում, որ ԱՊՊԱ-ն հարստանա․ վարորդները հասան բյուրո

Չենք ուզում, որ ԱՊՊԱ-ն հարստանա․ վարորդները հասան բյուրո

Վարորդներն այսօր հերթական բողոքի հերթական ակցիան էին անում ԱՊՊԱ բյուրոյի շենքի դիմաց։ Նրանք պահանջում են բյուրոյից չեղարկել ԱՊՊԱ թանկացումների որոշումը, քանի որ դրա մասին հանրային իրազեկում պատշաճ կերպով չի իրականացվել։ Բյուրոյից համաձայնեցին ընդունել ակցիայի մասնակիցներից երկուսին՝ լրատվամիջոցների ներկայությամբ։ Մոտ կես ժամ տևած բանավեճից հետո կողմերը չեկան ընդհանուր հայտարարի։

Այսօրվանից ԱՊՊԱ-ի թանկացած սակագների ու ապահովագրավճարների հաշվարկման նոր համակարգի մասին օրենքն ուժի մեջ մտավ։

Վարորդներն այս անգամ ակցիան սկսեցին Շահումյան հրապարակից՝ «ԱՊՊԱ-ն չի՛ թանկանալու» պաստառներով ու սուլիչներով և շարժվեցին դեպի Ավտոապահովագրողների բյուրո։ 

Հիշեցնենք՝ սա վարորդների արդեն երրորդ ակցիան է։ Հունվարի 31-ին նրանք ակցիա էին իրականացրել Հանրապետության հրապարակում, իսկ փետրվարի 3-ին՝ Կենտրոնական բանկի դիմաց։ 

Գլխավոր խնդիրը ԱՊՊԱ բյուրոյի հետ՝ հանրությանը որոշման մասին չիրազեկելու ու թաքուն կերպով թանկացումներ մտցնելու մեջ է, կարծում է ճանապարհային երթևեկության փորձագետ, իրավապաշտպան Արտակ Խաչատուրովը։  

«Եթե 10 օր առաջ աղմուկ բարձրացրած չլինեինք, էսօր առավոտը բոլորս զարթնելու էինք ու չիմանայինք՝ ինչի համար է մեր ԱՊՊԱ-ն թանկացել։ Անընդունելի է, որ թաքուն օրենք են մշակել ու թաքուն ընդունել այն», – ասել է Խաչատուրովը։ 

Վարորդներից որոշները պահանջում էին ԱՊՊԱ բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանի հրաժարականը և պատասխան ուզում Հանրային հեռուստաընկերությանը 6 օր առաջ տված հարցազրույցում ասված խոսքերի համար։ 

«Ինքը մեզ էդ հարցազրույցում անկարգ անվանեց։ Ես անկարգ վարորդ չեմ, լավ, կարգապահ վարորդ եմ։ Եթե վթարի ենք ենթարկվում, դա դեռ չի նշանակում, որ անկարգ վարորդ ենք։ Իմ մեքենային խփել են մի քանի անգամ։ Ես ուղղակի համաձայնության եմ եկել վարորդի հետ, իրենցից ոչ մի բան չեմ ստացել, որովհետև իրենց հետ համագործակցել հնարավոր չէ», – ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։ 

Բյուրոյի շենքի մուտքը փակած ոստիկաններից մեկը հայտնեց, որ բյուրոյից համաձայնել են լրագրողների ներկայությամբ ընդունել ակցիայի մասնակիցներից երկու հոգու։ 

«Մենք չենք ուզում, որ ԱՊՊԱ-ն թեկուզ մեկ օր անօրինական ձևով հարստանա»

ԱՊՊԱ բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանի խոսքերով՝ վերանորոգումների ու պահեստամասերի թանկացման արդյունքում հատուցումների ծավալն աճել է, և  արդեն նախկին սակագները համարժեք չէին ապահովելու համապատասխան հատուցումները։ 

Արտակ Խաչատուրովը հարցրեց, թե ինչու որոշման շուրջ հանրային քննարկումներ չեն իրականացվել, իսկ վարորդները չեն տեղեկացվելլ սակագների փոփոխության մասին՝ այն դեպքում, երբ որոշումն ընդունվել է դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին։ Բյուրոյի տնօրենը պատասխանեց, որ որոշումը հրապարակվել է իրենց կայքում դեկտեմբերի 10-ին։ 

«Դուք կարող եք հիմա քննարկել, լավ առաջարկներ ներկայացնել, անպայման էդ առաջարկները մենք կնայենք, կքննարկենք ու եթե որևէ կերպ առնչվում է ԱՊՊԱ-ի բարելավման հետ՝ անպայման հաշվի կառնենք», – ասեց Վաղինակ Եղիազարյանը։

«Ձեր որոշումն ընդունվել ա առանց հանրային քննարկման։ Բացի ձեզնից ոչ ոք տեղյակ չի եղել։ Կասեցրեք օրենքը, նույն բանը իրազեկեք, ասեք՝ թանկացնում ենք, ավելի խելոք մարդիկ կգան՝ առաջարկներ կանեն, եթե չեն գա՝ դուք էլ կասեք մենք մեր խելքով նստել, ընդունել ենք էս որոշումը»,- պատասխանեց Արտակ Խաչատուրովը։

Երկար բանավեճից հետո, ակցիայի մասնակիցները լքեցին շենքը։ 

Խաչատուրովը հայտարարեց, որ ակցիայի մասնակիցներն Ազգային Ժողովից հրավեր են ստացել բոլոր ապահովագրական ընկերությունների, ԱՊՊԱ բյուրոյի և հարցի հետ առնչություն ունեցող անձանց հետ քննարկում անցկացնելու։ Գալիք երկուշաբթի նախատեսվող հանդիպման ընթացքում, ըստ Խաչատուրովի, փորձելու են կոմպրոմիսային լուծումներ գտնել։