Home / Շուկա / Կենտրոնական բանկը՝ ԱՊՊԱ-ի թանկացումը մերժող վարորդների նոր թիրախ

Կենտրոնական բանկը՝ ԱՊՊԱ-ի թանկացումը մերժող վարորդների նոր թիրախ

Վարորդներն այսօր Կենտրոնական բանկի դիմաց հերթական բողոքի ակցիան էին անում ընդդեմ ԱՊՊԱ-ի թանկացման։ Նրանք կայանել էին մեքենաները փողոցի երկայնքով ու ազդանշան էին տալիս։ Ոստիկանները պատ էին կազմել բանկի դիմաց։ Բերման է ենթարկվել 1 ցուցարար։

Հիշեցնենք, որ նույն վարորդները երկուշաբթի օրը մեքենաներով ակցիա էին իրականացրել Հրապարակի շրջանային հատվածում։ Նրանք խոստացել էին, որ ակցիան շարունակական է լինելու։ Ակցիայի ընթացքում 5 հոգի բերման էր ենթարկվել, 3 մեքենա տարվել տուգանային հրապարակ։

Վարորդները Կենտրոնական բանկից պահանջում են վերացնել ԱՊՊԱ-ի թանկացման որոշումը, մինչև հանրային քննարկումներ չիրականացվեն։ Ակցիայի մասնակիցները գտնում են, որ թանկացումների մեղավորը Կենտրոնական բանկն է, քանի որ ամենաթողություն է տվել Ապահովագրական բյուրոյին։ 

«Այս ամեն ինչի մեղավորը Կենտրոնական բանկն է։ Որոշակիորեն ապահովագրական ընկերություններն էլ մեղք չունեն, որովհետև էնքան են սահմանափակումներով բարձել, որ ստիպված գնում են էսպիսի քայլերի, որ պարտքերը փակեն», – ասել է ճանապարհային երթևեկության փորձագետ, փաստաբան Արտակ Խաչատուրովը։

Երկուշաբթի օրենքն ուժի մեջ է մտնելու․ վարորդները պատրաստվում են ակցիա անել նաև Ապահովագրական բյուրոյի մոտ։

Մասնակիցները «ԱՊՊԱ-ն չի՛ թանկանալու» գրությամբ սթիքերներ էին պատրաստել, որոնք փակցնում էին տարբեր վայրերում։ Ոստիկանները դեմ էին։ Նարնց պահանջին չենթարկվելու համար փորձագետ Արտակ Խաչատուրովը բերման ենթարկվեց։ Կարճ ժամանակ անց ակցիան ավարտվեց։ 

Հայաստանի ապահովագրողների բյուրոն ամսի 27-ին հայտարարել էր, որ որոշվել է փոփոխել ԱՊՊԱ-ի սակագները։ Որոշումը բյուրոն հիմնավորել էր «ոլորտը բարեփոխելու» ձգտումով։ Ըստ ապահովագրողների՝ վթարների թիվը աճել է,  պահեստամասերը թանկացել են, փոխհատուցման ծավալները՝ մեծացել, առավելագույն փոխհատուցման գումարն ու ավտոմեքենաների վերանորոգման արժեքը՝ ավելացել, ուստի՝ կթանկանա նաև ապագովագրության սակագինը։

Այն վարորդների համար, որոնք ապահովագրական պատմության ունեն, ԱՊՊԱ-ի բազային սակագինը ներկայիս 18.7 հազար դրամի փոխարեն կդառնա 21.7 հազար դրամ։  Իսկ այն հաճախորդների համար, որոնք նախորդ տարիներին ապահովագրական պայմանագրի չունեին, կգործի 41 հազար դրամ միասնական սակագին

Այսինքն, հաճախորդների հիմնական մասի համար թանկացումը կկազմի 1500-3000 դրամ։ Միջին և բարձր ռիսկային գոտում գտնվող վարորդների համար, սակայն, սակագինը կլինի ավելի բարձր։

ԱՊՊԱ-ի սակագների ու ապահովագրավճարների հաշվարկման համակարգի նոր կարգավորումները ուժի մեջ են մտնելու փետրվարի 7-ից: