Home / Շուկա / Վարորդներն ընդդեմ ԱՊՊԱ թանկացումների․ կան բերման ենթարկվածներ

Վարորդներն ընդդեմ ԱՊՊԱ թանկացումների․ կան բերման ենթարկվածներ

Վարորդները Հանրապետության հրապարակի շրջանային հատվածում առավոտյան բողոքի ակցիա էին անում ընդդեմ ԱՊՊԱ-ի թանկացման։ Մեքենաները՝ ազդանշան տալով, պտտվում էին հրապարակում՝ խցանելով հարակից փողոցների երթևեկությունը։ Վարորդներից 5-ը բերման ենթարկվեց, մեքենաներից 3-ը՝ տարվեց տուգանային հրապարակ։ Փողոցում մնացած ցուցարարները խոստացան, որ կվերադառնան վաղը չէ մյուս օրը․․․

Հայաստանի ապահովագրողների բյուրոն ամսի 27-ին հայտարարել էր, որ որոշվել է փոփոխել ԱՊՊԱ-ի սակագները։ Որոշումը բյուրոն հիմնավորել էր «ոլորտը բարեփոխելու» ձգտումով։ Ըստ ապահովագրողների՝ վթարների թիվը աճել է,  պահեստամասերը թանկացել են, փոխհատուցման ծավալները՝ մեծացել, առավելագույն փոխհատուցման գումարն ու ավտոմեքենաների վերանորոգման արժեքը՝ ավելացել, ուստի՝ կթանկանա նաև ապագովագրության սակագինը։

«Սրանից հետո էլ ավտո ոչ ոք չի առնի», – թանկացման ծավալները մեկնաբանելով՝ ասում էր վարորդներից մեկը։

Եվ իսկապես․ այն վարորդների համար, որոնք ապահովագրական պատմության ունեն, ԱՊՊԱ-ի բազային սակագինը ներկայիս 18.7 հազար դրամի փոխարեն կդառնա 21.7 հազար դրամ։  Իսկ այն հաճախորդների համար, որոնք նախորդ տարիներին ապահովագրական պայմանագրի չունեին, կգործի 41 հազար դրամ միասնական սակագին

Այսինքն, հաճախորդների հիմնական մասի համար թանկացումը կկազմի 1500-3000 դրամ։ Միջին և բարձր ռիսկային գոտում գտնվող վարորդների համար, սակայն, սակագինը կլինի ավելի բարձր։

Փոխվելու է նաև ապահովագրավճարների հաշվարկման մոտեցումը․ հանվելու է գործող խմբային սակագների համակարգը (որում հաշվի էին առնվում մեքենայի տեսակը, շարժիչի հզորությունը, օգտագործման նպատակը և այլ չափանիշներ) և ներդրվելու է անհատական սակագների համակարգ (գործելու է համահարթ սակագին՝ մինչև 2022 տարեվերջ կներդրվի նոր կարգավորումների համակարգ)։

ԱՊՊԱ-ի սակագների ու ապահովագրավճարների հաշվարկման համակարգի նոր կարգավորումները ուժի մեջ են մտնելու փետրվարի 7-ից:

Առավոտյան տասնյակ վարորդներ շրջափակել էին Հանրապետության հրապարակը և խցանում գոյացրել։ Ակցիայի մասնակիցները, ազդանշան տալով, պտտվում էին հրապարակի շուրջ։ 

Ցուցարարներին զայրացրել էր, նախևառաջ, սակագների թանկացումը։ 

Տեղում էին նաև մեծաթիվ ոստիկանական ուժեր։ Մի քանի տասնյակ ոստիկաններ, այդ թվում կարմիր բերետավորներ, սկսեցին կանգնեցնել մեքենաները, բերման ենթարկել վարորդներին, մեքենաները՝ տանել տուգանային հրապարակ։ Ոստիկանության փոխանցմամբ՝ ակցիայի ընթացքում 5 հոգի բերման է ենթարկվել, տուգանային հրապարակ է տարվել 3 մեքենա։

Ակցիայի մասնակիցներից մեկն, ում ոստիկանները «անհարկի երթևեկության» համար տուգանեցին 5000 դրամով, ասաց, որ վարորդները ընդամենը եկել են նոր օրինագծի վերաբերյալ իրենց անհամաձայնությունը արտահայտելու․ «Ես ոչ մեկից ո՛չ ակնկալիք ունեմ, ո՛չ հանդիպում եմ պահանջում․ ուղղակի ես իմ անհամաձայնությունն եմ արտահայտում»։ 

Վարորդներից մյուսը խոստացավ, որ ակցիան շարունակական է լինելու․ «Էնքան ենք ակցիա անելու մինչև մեր ուզածը լինի։ Այսօր եթե փոփոխությունը չվերացնեն, վաղը չէ մյուս օրը մեր պահանջները ավելանալու են։ Ինչքան էլ տուգանեն, միևնույն է շարունակելու ենք․ մեր փաստաբան ընկերները էդ հարցերով կզբաղվեն»։