Հունվարի մեկից խմելու ջրի սակագները կթանկանան 20 դրամով՝ հաղորդել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ)։
«2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանի սոցիալապես անապահով բաժանորդների համար խմելու ջրի սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար կդառնա 200,47 դրամ», – ասված է հաղորդագրությունում։
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը դեռ հոկտեմբերին հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն դիմել է հանձնաժողովին՝ ջրի սակագինը ավելի քան 40 դրամով թանկացնելու հայտով։ Մոնիթորինգի արդյունքում որոշվել է գինը բարձրացնել մոտ 20 դրամով։
Վարձակալության պայմանագրի մնացած 10 տարիների ընթացքում սպառողների համար հնարավորինս կայուն սակագնային քաղաքականություն ապահովելու նպատակով «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ», «Վեոլիա Ջուր» ընկերությունների և Կառավարության միջև նոյեմբերի 10-ին ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի փոփոխություններ են կատարվել «Վեոլիա Ջուր» ընկերության լիցենզիայի պայմաններում։